ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏԳՀ) համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Երիտասարդ մասնագետների ծրագրին»։
Հանդիպման նպատակն էր ուսանողներին և նորավարտներին ներկայացնել ծրագրի ընձեռած հնարավորությունները և խթանել նրանց ներգրավվածությունը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացներում։
Մասնակիցները հանդիպման ընթացքում մանրամասն ծանոթացան մասնագիտական զարգացման մեկամյա ծրագրի նպատակներին, կառուցվածքին, իրականացման փուլերին և մասնակցության պայմաններին։ Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց ծրագրի շրջանակում մեկ տարվա ընթացքում երեք տարբեր թիմերում ներգրավվելու և տարբեր ուղղություններով աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հնարավորությանը։ Կարևորվեց նաև ոլորտի առաջատար մասնագետների մենթորության և ուղղորդող դերը՝ որպես մասնակիցների մասնագիտական աճին և կարողությունների զարգացմանը նպաստող կարևոր բաղադրիչ։
Առանձին անդրադարձ կատարվեց նաև ծրագրի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունում աշխատանքով ապահովելու հնարավորությանը։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման և հարցուպատասխանի ձևաչափով։ Ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու ծրագրի ներկայացուցիչներին, ստանալու մանրամասն պատասխաններ և առավել ամբողջական պատկերացում կազմելու ծրագրի առանձնահատկությունների և ընձեռած հնարավորությունների մասին։
Նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր հարթակ են ուսանողների և գործատուների միջև կապի ամրապնդման, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացման համար։




