ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում «Tsiran Tech Academy»-ի ներկայացուցիչներն այցելեցին ԵՊՀ և հանդիպեցին ուսանողների հետ՝ քննարկելով տեխնոլոգիական ոլորտի ժամանակակից հիմնահարցեր և նրանց փոխանցելով տեխնոլոգիական աշխարհի զարգացումների որոշակի հմտություններ ու գիտելիքներ։
Ներկայացնելով իրենց նորարարական ուսումնական ծրագրերը՝ բանախոսներն անդրադարձան հատկապես ոլորտային այնպիսի ուղղությունների, որոնք ներառում են «FPV և DJI դրոնների կառավարման և օդային տեսագրության» ծրագրերը, «3D մոդելավորման պրոֆեսիոնալ դասընթաց», «Արհեստական բանականության հիմունքներ և կիրառություններ»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ ուղղությունները մեծ պահանջարկ և լայն հեռանկարներ ունեն ժամանակակից աշխարհում, ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստումը ևս օրախնդիր է: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնած հանդիպման նպատակը միտված էր հենց ուսանողների շրջանում ոլորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելուն, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնելու նորարարություններին՝ միաժամանակ նպաստելով նաև տվյալ բնագավառում նրանց գիտելիքները և հմտությունները զարգացնելուն:
Հանդիպումն ուներ տեսական և գործնական բաղադրիչ: Գործնական հատվածի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ կիրառելու և կառավարելու Whoop և FPV դրոնների թռիչքներ։ Բանախոսները ներկայացրին նաև կազմակերպության մասնագետների՝ 3D տպիչի վրա կատարած աշխատանքների արդյունքները։
Ուսանողների համար ստեղծվեց միջավայր՝ հնարավորություն ընձեռելով նրանց յուրացնելու այսօրվա ամենապահանջված տեխնոլոգիական հմտությունները և դառնալու ապագայի մասնագիտությունների կրողը։