ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ հաշվեքննիչ պալատի հետ համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողների համար կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված սկսնակ աուդիտորների ներգրավման ծրագրի մեկնաբանմանը։
Ծրագիրը նպատակ ունի հզորացնելու երիտասարդ մասնագետների ներուժը և նրանց ներգրավելու պետական աուդիտի ոլորտում։
Հանդիպմանը ՀՀ որակավորված աուդիտոր, տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի մասին անհրաժեշտ տեղեկություններ։
Ըստ բանախոսի՝ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ներգրավվելու ծրագրի փուլերում՝ ծանոթանալով մասնակցության պայմաններին ու ընտրության չափանիշներին, սկսելու մասնագիտական ուղի պետական կառավարման կարևոր ոլորտներից մեկում, ինչպես նաև ձեռք բերելու գործնական հմտություններ և փորձ:
Ուսանողները ծանոթացան նաև ծրագրի շրջանակում ընձեռվող այլ հնարավորություններին, որոնք միտված են նպաստելու մասնագիտական գիտելիքների, հմտությունների զարգացմանն ու հանրային ներուժի արդյունավետ իրացմանը։


