ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Career Bridge» եռօրյա մասնագիտական ճամբարը, որի նպատակն էր նպաստել «Սերվիս» մասնագիտության ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և նրանց հնարավոր ինտեգրմանը աշխատաշուկայում՝ միաժամանակ ստեղծելով կրթություն-գործատու կապի և համագործակցության արդյունավետ հարթակ։
Մեկնարկ. ծանոթություն, տեսական գիտելիքներ, գործնական աշխատանքներ
Ճամբարի մեկնարկը տրվեց ողջույնի խոսքով և մասնակիցների ծանոթացմամբ։ Այնուհետև Հայաստանում «Exely»-ի տնօրեն Մարիամ Բադալյանը հանդես եկավ «Կրթությունից դեպի կարիերա. ի՞նչ են սպասում գործատուները» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներն ու գործատուների ակնկալիքները։
Օրվա ընթացքում իրականացվեցին երկու գործնական աշխատանքների ծրագրեր. ուսանողները թիմերով աշխատեցին հյուրընկալության ոլորտի մոդելավորված իրավիճակների վրա՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ, այնուհետև կատարեցին SWOT վերլուծություն՝ ուսումնասիրելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։
Օրը եզրափակվեց «Armat Gastro Group» (LLC), «Restormania» և «Kamancha Restaurant»-ի գլխավոր տնօրեն, գործարար Արեգ Գևորգյանի բանախոսությամբ՝ «Ռեստորանային բիզնեսի զարգացում» թեմայով, որտեղ ներկայացվեցին ոլորտի զարգացման միտումները և գործնական փորձը։
Կարևորագույն սկզբունքներն ու գործնական մոտեցումները՝ ոլորտի առաջատարներից
Ճամբարի երկրորդ օրը մեկնարկեց նախորդ օրվա արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաև երկրորդ օրվա նպատակների ու առաջադրանքների ներկայացմամբ։
Օրվա առաջին հատվածում «Այ Թրևլ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Արմինե Զուրաբյանը հանդես եկավ «Զբոսաշրջային փաթեթների կառուցվածք և հաճախորդի սպասարկման ստանդարտներ» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով ոլորտի կարևորագույն սկզբունքներն ու գործնական մոտեցումները։
Բանախոսությանը հաջորդեց գործնական աշխատանքների փուլը, որի ընթացքում ուսանողները ստացան առաջադրանք՝ մշակել զբոսաշրջային փաթեթի մոդել՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքները։ Ավարտին ներկայացրին իրենց նախագծերը, ստացան փորձագիտական դիտարկումներ և մասնակցեցին արդյունքների համատեղ քննարկմանը։
Օրվա վերջին հյուրը «Թաթյոսա» ՍՊԸ-ի ղեկավար Սարօ Թաթյոսն էր, որը հանդես եկավ «Մրցունակ զբոսաշրջային ծառայություններ» թեմայով բանախոսությամբ։
Ճամբարի աշխատանքները եզրափակվեցին միջոցառման ամփոփմամբ և հավաստագրերի հանձնմամբ։







