ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «EPAM Armenia»-ի համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում կայացավ «EPAM Campus»-ի բաց դռների օրը, որը համախմբեց տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված մի շարք ուսանողների։
Հանդիպման ընթացքում «EPAM Armenia»-ի փորձագետները ներկայացրին միջազգային ՏՏ ընկերությունում աշխատելու առանձնահատկությունները, խոսեցին ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ մտածողության և հմտությունների մասին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու «EPAM Campus»-ի առաջարկած ուսուցման անվճար ծրագրերին, ինչպես նաև ստանալու գործնական խորհուրդներ կարիերայի առաջին քայլերը ճիշտ պլանավորելու հարցում։
Հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում։ Մասնակիցների համար նախատեսված էր նաև հետաքրքիր քուիզ, որի ընթացքում ամենաարագ և հարցերին ճիշտ պատասխանած ուսանողները ստացան նվերներ։



