ԵՊՀ երգչախումբը իր հերթական մասնակցությունն ունեցավ «Ունիվերսիադա-2026» մրցույթին՝ ներկայացնելով Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ», «Դուն էն հուրին իս», «Չկա քիզի նման» երգերի շարանը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան)։
Ժյուրիի անդամ Սյուզաննա Մելքոնյանը բարձր գնահատեց երգչախմբի աշխատանքը՝ հայկական երաժշտությունը բարձր կատարողական մակարդակով ներկայացնելը, ինչպես նաև բեմական կեցվածքն ու արտիստիզմը։ Նա առանձնահատուկ ընդգծեց նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավարի՝ Կարեն Սարգսյանի կատարած կարևոր և պատասխանատու աշխատանքը։
ԵՊՀ երգչախմբի սաները նշեցին, որ այս ելույթը իրենց համար պարզապես բեմական կատարում չէր․ այն հնարավորություն էր՝ ևս մեկ անգամ ներկայացնելու հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորքը։ Նրանց խոսքով՝ կարևոր էր ոչ միայն բեմ բարձրանալը, այլև մեր ազգային երաժշտական ժառանգությունը արժանապատվորեն փոխանցելը հանդիսատեսին՝ հոգով, մշակույթով և պատասխանատվությամբ։
«Փորձեցինք ոչ միայն երգել, այլև հոգով ու հավատով փոխանցել հայկական երգի գեղեցկությունը, ուժն ու անկրկնելի հոգևոր խորքը»,- ընդգծեցին նրանք։
Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով ստեղծագործական նոր բարձունքներ, անսպառ ոգեշնչում և հայկական երաժշտությունը նույն նվիրումով ու սիրով շարունակելու ուժ։
