«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Բյուրականի ուսումնաարտադրական բազայում հյուրընկալվել են բազմաթիվ սփյուռքահայ երեխաներ: Նրանց համար ստեղծվել է ճանաչողական, կրթական և մշակութային հարուստ միջավայր։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և Բյուրականի ուսումնաարտադրական բազայի միջև ձեռք բերված պայմանավորվածության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի համակարգողների հետ համագործակցության շրջանակում սույն թվականի հունիսի 21-ին Բյուրականի ուսումնաարտադրական բազայում սփյուռքահայ հյուրերի համար համերգային ծրագրով հանդես եկավ «YSU Band»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան)։
Միջոցառման բացման արարողությանը հանդես գալով ողջույնի խոսքով և ընդգծելով նման նախաձեռնություններում ուսանողների մասնակցության կարևորությունը՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին և հատկապես Բյուրականի ուսումնաարտադրական բազայի տնօրեն Բենիամին Պետրոսյանին՝ գործուն համագործակցության համար:
«YSU Band»-ը ներկայացրեց բազմաժանր և բազմերանգ համերգային ծրագիր՝ կատարելով ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան սիրված ստեղծագործություններ։ Երաժշտական կատարումները հանդիսատեսին փոխանցեցին բարձր տրամադրություն, ջերմ զգացումներ և անմոռանալի տպավորություններ՝ ստեղծելով իրական տոնական մթնոլորտ։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի ղեկավար Իսկուհի Թորոսյանը, որը բարձր գնահատեց միջոցառման կազմակերպվածությունն ու բովանդակալից ծրագիրը։
Համերգային ծրագրից բացի՝ ուսանողները հնարավորություն ունեցան ավելի լավ ծանոթանալու Բյուրականի ուսումնաարտադրական բազային և շրջակա գեղատեսիլ բնությանը՝ օրվա ընթացքում մասնակցելով նաև հատուկ իրենց համար կազմակերպված հյուրասիրության:
Ուսանողները միջոցառումից վերադարձան մեծ տպավորություններով և դրական հույզերով։ Նրանք առանձնահատուկ ոգևորությամբ նշում էին, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս մասնակցելու հետաքրքիր մշակութային ծրագրերի, նպաստում են նոր փորձառությունների ձեռքբերմանը, շփումների ընդլայնմանը և համալսարանական կյանքի ակտիվացմանը։ Մշակույթի կենտրոնի ուսանողները ցանկություն հայտնեցին ավելի հաճախ ներգրավվելու նմանատիպ միջոցառումներում:












