July 08, 2025 | 12:23
Society
Research
Culture
Armenian alphabet before Mesrop Mashtots in focus of YSU researcher
With the decline of paganism in Armenia came the disappearance of the pagan cultural heritage, including temples and archives, notes Professor Ashot Nersisyan from the Chair of Armenian History at YSU Faculty of History. In his research, the scholar concludes that the hypothesis suggesting the existence of an Armenian script predating Mesrop Mashtots is well-founded.

ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանն ու հետազոտող Արշակ Ներսիսյանը պատրաստել են Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծման քննական վերլուծություն:
Ուսումնասիրությունների տիրույթում եղել են Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը, Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն»-ը, «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձ-նամակը, Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը, ինչպես նաև օտար աղբյուրներում առկա Մեսրոպ Մաշտոցին առնչվող դրվագները:
Վերլուծության արդյունքում պրոֆեսորը փորձել է հիմնավորել, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է նախամաշտոցյան գրերի հիմքով, որ, ըստ պրոֆեսորի, ի պահ էր հանձնված Հունաստանի Սամոսատ քաղաքում:

«Քրիստոնեությունը Հայաստանում տարածվեց հեթանոսական հզոր մշակույթի ավերմամբ: Ավերվեցին հեթանոսական տաճարները, արխիվները, որոնց մասին պատառիկներ է պատմում Մովսես Խորենացին: Այդ մասին կան վկայություններ նաև հռոմեական աղբյուրներում»,- նշում է Աշոտ Ներսիսյանը՝ հավելելով, որ հեթանոսության վերացմամբ փորձ է արվել վերացնել նաև հեթանոսական ժամանակաշրջանի հայերեն գրերը՝ նոր մշակույթ ձևավորելու նպատակով:
Ըստ պրոֆեսորի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, երբ հեթանոսական մշակույթն ավերվում էր, Յոքաստոս (Աքաստոս) անունով հայտնի հայ քուրմերից մեկը Հայաստանից հեռացրել է նախամաշտոցյան գրերի մի օրինակ:
Երբ Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ է լինում հայոց գրերի ստեղծմանը, Վռամշապուհ արքան նրան աջակցելու համար հանձնարարում է Հայաստան բերել Սիրիայում ապրող Դանիել եպիսկոպոսի մոտ պահվող նշագրերը, սակայն ըստ Կորյունի վկայության՝ դրանք լիովին չեն համապատասխանել հայերենի հնչյունական համակարգին. «Կորյունը նշում է, որ Մաշտոցը հավաքել է իր աշակերտներին ու փորձել աշխատել նրանց հետ Դանիելյան նշագրերով, բայց այդ գրերը լիովին չեն արտահայտել հայերեն հնչյունները»,- ասաց պրոֆեսորն ու նշեց, որ Դանիելյան նշագրերն այն կիսատ գրերն էին, որ օգտագործել են հայերը հեթանոսական ժամանակաշրջանում:
«Այնուհետև մեր պատմիչները գրում են, որ Մաշտոցը երկու աշակերտների հետ գնում է Ասորիքի Եդեսիա քաղաք՝ ուսումնասիրելու նրանց գրերը: Սակայն Մաշտոցը գիտեր և՛ ասորերեն, և՛ պարսկերեն, և՛ հունարեն: Պատմիչների փոխանցած տեղեկություններից պարզ է դառնում նաև, որ Մաշտոցը Եդեսիայում հանդիպել է Պլատոն անունով մի դպիրի, որը եղել է դիվանապետ՝ արխիվի պետ: Հետևաբար Մաշտոցը հայ գրերն է փնտրել»,- եզրահանգում է պրոֆեսորն ու շարունակում, որ ըստ պատմիչների վկայության՝ Պլատոնը Մաշտոցին չի կարողացել օգնել և ուղղորդել է նրան մեկ այլ գիտակի՝ Եպիփանոսի մոտ: Պլատոնը Մաշտոցին ասել է. «Գնա՛ Հունաստանի Սամոսատ քաղաք՝ կգտնես քո ուզածը, կհասնես քո փափագածին»,- մեջբերում է Աշոտ Ներսիսյանը:

Պրոֆեսորի խոսքով՝ Յոքաստոսը (Աքաստոսը), որ Հայաստանից փախցրել էր հայոց գրերը, արդեն մահացած էր, հետևաբար Պլատոնը հուշում է Մեսրոպ Մաշտոցին, որ հայերեն գրերը Եպիփանոսի մոտ են. «Մաշտոցը պարզում է, որ Եպիփանոսն էլ է մահացել, և ի վերջո Սամոսատում հանդիպում է հույն գրող Հռոփանոսին: Պատմիչների տեղեկությունները թույլ են տալիս կատարել այն համարձակ եզրահանգումը, որ հենց այստեղ է Մաշտոցը գտնում հայերեն գրերը՝ չնայած նրան, որ Կորյունն ու Խորենացին այս պահից հետո գրում են, որ Մաշտոցը, չգտնելով փնտրածը, ինքն է հորինում հայերեն գրերը»:
Պրոֆեսորը, վերլուծելով Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ Մաշտոցին վերաբերող աշխատությունները, նշում է, որ Մովսես Խորենացու փոխանցած այն տեղեկությունը, թե «հրեշտակի աջն է գրել» տառերը պատի վրա, վերաբերում է ոչ բոլոր տառերին: Աշոտ Ներսիսյանի մեկնաբանության համաձայն՝ Մաշտոցը հորինել է պակասող տառերը՝ ամբողջացնելով գտնված հայոց այբուբենը. «Խորենացին ու Կորյունը վկայում են նաև, որ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը մեկը մյուսից հաստ ու երկար էին: Սա տարակուսանք է առաջացնում, որովհետև եթե Մեսրոպ Մաշտոցն է զրոյից ստեղծել գրերը, ապա կստեղծեր նույն չափի: Մինչդեռ դրանք հղկելու համար նա դիմել է Հռոփանոսին: Սրանով, սակայն, Մեսրոպ Մաշտոցի փառքը չի նվազում: Միևնույնն է, նա հանճար է, որովհետև հնչյունների համար տառեր է հարմարեցրել՝ ճիշտ արտահայտելով մեր լեզվամտածողությունը»:
Պրոֆեսորն իր համոզմունքներն արտահայտելիս ևս մեկ հիմնավորում է տալիս. «Հեթանոսական շրջանում մենք ունեցել ենք դպրության աստված: Հին հայկական դիցաբանության մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը Տիրն էր: Հետևաբար ինչպե՞ս կարող էինք գրել ուրիշ լեզվով ու պաշտել դրանք»:
Նշենք, որ Մեսրոպ Մաշտոցի գործունեության տարիներին Հայաստանը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև, և ձուլման վտանգից խուսափելու համար օրհասական էր հայերեն գրեր ունենալու հարցը: