August 18, 2025 | 12:30
Science
Education
Graduates
Addressing challenges and advancing reforms in 21st-century education
Being in the 21st century does not necessarily mean having an education that corresponds to the standards and demands of the 21st century. This was the central theme of the panel discussion titled "Higher Education in 21st-Century Armenia: Approaches, Expectations, and Formats," held during YSU Alumni Forum. The discussion, moderated by Petros Ghazaryan, Head and Producer of Political Programs at Public Television of Armenia, explored the key characteristics of the contemporary educational system, as well as to a number of important issues related to education


Օրվա բանախոսներն էին ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, տնտեսագիտության դոկտոր Վաչե Գաբրիելյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը:
Համեմատելով իր ժամանակի կրթական հնարավորությունները (մեկ դասագիրք՝ ամբողջ կուրսի համար) և արդի պայմանները՝ Պետրոս Ղազարյանը նկատեց, որ այսօրվա ուսանողին ընձեռված հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են: Վերջինիս առաջարկով բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է նշանակում 21-րդ դարի կրթություն:

Սարգիս Հայոցյանը նշեց, որ բարդ է նման ընդգրկուն հարցին կարճ պատասխան տալ: Այնուամենայնիվ, ներկայացնելով պետության դիրքորոշումն այս հարցում՝ նա ընդգծեց, որ այսօր փորձ է արվում մեկտեղելու բարձրագույն կրթության և գիտության տարանջատ համակարգերը: ՀՀ նոր օրենքի նախագծով սահմանվում է, որ հետազոտական գործընթացը լինի կրթության անբաժանելի մաս՝ բարձրագույն կրթությունը դարձնելով հետազոտահենք: Ասել է թե՝ ուսանողն իր կրթական շրջափուլի որևէ կետում անհրաժեշտաբար դառնալու է այս կամ այն հետազոտության (առնվազն) մասնակից: Սրանով փորձ կարվի վերջ դնելու նաև արատավոր մի երևույթի՝ դիպլոմային աշխատանքների՝ ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքների արտագրություններին:
Երբ բարձրագույն կրթությունը դառնում է ուսանողակենտրոն, բուհական և պետական քաղաքականություններն ինքնըստինքյան ուղղվում են ուսանողի հաջողություններին: Իսկ երբ հաջողում է ուսանողը, հաջողում են բուհը, պետությունը:
Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով յուրաքանչյուր դարաշրջանի խնդրին, ընդգծեց՝ եթե առաջ կար տեղեկատվության պակաս (կար մեկ դասագիրք և տևական ժամանակ դա էր հիմքը), ապա այժմ կա տեղեկատվության «հեղեղ»՝ որոնման համակարգերի միջոցով հասանելի բոլորին, ուստի առաջնային պետք է հասկանալ՝ ո՞րն է «աղբը», ո՞րը՝ իրական գիտելիքը: Անպայմանորեն հարկ է նկատի առնել, որ տեղեկությունները շատ արագ փոփոխվում են: Արհեստական բանականության ի հայտ գալով՝ հեշտացել և հասանելի է դարձել գիտելիքի «հայթայթումը», ինչը հնարավորություն է տալիս ուսանողին իր հետազոտության համար ունենալու տվյալների էական բազա: Սրանով փոխվում են կրթության գործընթացի թե՛ կազմակերպական, թե՛ բովանդակային կողմերը՝ «ի՞նչ»-ը և «ինչպե՞ս»-ը: Ունենում ենք ոչ թե հիմնարար և երկարաժամկետ գիտելիք, որը պիտի անընդհատ կիրառենք, այլ հիմնարար գիտելիքի մի կտոր, որի հիման վրա պետք է կարողանանք պարբերաբար կառուցել նորը:

Ըստ այդմ՝ փոխվում են կրթության որակի ստուգման չափանիշները, փոխվում է ինքը՝ ուսանողը՝ դառնալով ոչ ստանդարտ: Բարձրանում է ուսանողի տարիքային շեմը (ամբողջ աշխարհի մակարդակով), շարունակական մասնագիտական զարգացման կրթության զարգացման տեսակետից կարևորվում է հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպումը տարբեր կուրսերի, կրթական աստիճանների և այլնի միջոցով: Ի դեպ՝ այս պարագայում կրթության կենտրոնը, որում պիտի ապահովվի այդ շարունակականությունը, պետք է լինի աշխատավայրին մոտ: Եթե ապահովվում է շարունակական մասնագիտական կրթությունը, ապա այն պետք է լինի ասինխրոն և ոչ դիսկրետ (ընդհատ)։
Բանախոսը մատնանշեց, որ նախորդ դարերի հետ համեմատած՝ կանայք այսօր ուսանողների մեջ մեծամասնություն են կազմում, և նրանց թիվը հետայսու էլ շարունակաբար աճելու է, ուստի այսօր խնդիր է դրվում կրթության մեջ մեծացնելու տղամարդկանց թիվը (խոսքը վերաբերում է թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ ամբողջ աշխարհին):
Այս ամենից բխող մի հանգամանք էլ կա․ համալսարանները դառնում են ավելի մեծ կառույցներ, որոնք համապատասխան ֆինանսական գրագիտություն պիտի ունենան, և ավելի շատ ենթարկվեն ժամանակակից օրենքներին: Այս միտումները էապես փոխում են ժամանակակից կրթության կառուցվածքային տարրերը։

«Արդյո՞ք ամբողջովին փոխվում է կրթությունը. բնականաբար ո՛չ: Արդյո՞ք մենք ամեն ինչ պետք է ջնջենք ու նորից սկսենք. բնականաբար ո՛չ: Բայց եթե մենք չհարմարվենք նոր փոփոխություններին, այդ թվում՝ տեղեկատվական հեղեղին, լավ ու վատ տեղեկությունը տարբերակելուն, դրանք քննադատաբար կիրառելուն, ապա դա խնդիր է: Մի հանգամանք, որ հատկապես սրվում է արհեստական բանականության կիրառման պարագայում, որի հիմնական սպառողներն են համալսարաններն ու ուսանողները»,- նշեց Վ. Գաբրիելյանը:
Սիսակ Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ այս առումով պետական քաղաքականության լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Մասնագիտական, քաղաքական շրջանակներում ծավալված բուռն քննարկումներում տեսակետները բաժանվում են տարբեր խմբերի, անգամ ճակատների, բայց բոլորն էլ գիտակցում են, որ այսպես շարունակել չի կարելի: Այս առումով օրենքով ամրագրված կարևոր փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը:
«Լավագույն ավանդույթները պահպանելով և հիմք ընդունելով՝ փորձում ենք առաջ շարժվել»,- ասաց բանախոսը, որի կարծիքով՝ 21-րդ դարի կրթությունը հնարավորինս պետք է դադարի տեղային (լոկալ) լինելուց:
Ըստ նրա՝ կարևորագույն փոփոխություններից է ակադեմիական քաղաքի նախագիծը, որը նորանկախ շրջանի ամենահամարձակ նպատակներից է: Այս բոլոր քայլերն ի վերջո կհանգեցնեն 21-րդ դարի պահանջներին համապատասխան, միջազգային ասպարեզում մրցունակ, եվրոպական չափանիշներով հավատարմագրված բուհական համակարգ ստեղծելուն:

Անահիտ Անափիոսյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, նկատեց, որ կրթությունը նախևառաջ քաղաքական երևույթ է: Հետևաբար, տվյալ պետության կրթական քաղաքականությունը մեծ հաշվով ձևավորվում է վերջինիս վարած քաղաքականությանը համապատասխան: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ կրթությունը անձի անհատական տիրույթում է, այն է՝ մարդկային ուղեղը սովորում է նույն կերպ, ինչ 2.000.000 տարի առաջ (մենք, օրինակ, էվոլյուցիոն տեսանկյունից կարդալու գեն չունենք), և այն կախված չէ տեխնոլոգիական փոփոխություններից:
Ըստ Ա. Անափիոսյանի՝ կրթության քաղաքականության կարևոր առանձնահատկություններից պետք է լինի նաև այն, որ հատկապես մասնագիտական կրթությունը ներառի կրթական անհրաժեշտ այնպիսի բաղադրիչներ, որոնցով հետագայում մասնագետները խնդիրներ ձևակերպելիս և լուծելիս կարողանան հարցը դիտարկել բազմակողմանիորեն (օրինակ՝ ճանապարհաշինությանն առնչվող հարցերը լուծելիս քննարկվեն կլիմայական փոփոխությունները ևս):
Ծավալված հետաքրքիր հարցուպատասխանը՝ տեսանյութում ⤵️
Video