- Main
- Node
- «eCAMPUS» նախագծի շրջանակում ԵՊՀ-ում բացվել է հիբրիդային ուսուցման ևս մեկ լսարան
December 17, 2025 | 12:38
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«eCAMPUS» նախագծի շրջանակում ԵՊՀ-ում բացվել է հիբրիդային ուսուցման ևս մեկ լսարան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացվեց հիբրիդային ուսուցման խելացի լսարան «Էրազմուս+» ծրագրի «eCAMPUS» նախագծի շրջանակում: Լսարանը վերանորոգվել է համալսարանի միջոցներով և կահավորվել Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ:
Անդրադառնալով հիբրիդային լսարանների առավելություններին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մատնանշեց, որ դրանք նորույթ են Հայաստանում։
«Հուսով եմ, որ նոր լսարանները մեծ հեռանկարներ կստեղծեն մեր ուսանողների համար, կծառայեն որպես աշխարհի տարբեր երկրներից պրոֆեսորների հետ հաղորդակցման հարթակ, ինչպես նաև մեզ հնարավորություն կտան ցանկացած երկրի ու համալսարանի պրոֆեսորների մասնակցությամբ կազմակերպելու դասընթացներ։ Վստահաբար կարելի է ասել, որ այս լսարանի բացմամբ մենք է՛լ ավելի կբարելավենք համալսարանական կրթության որակը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը հիբրիդային լսարանի բացումը ներկայացրեց որպես կրթական ոլորտում հերթական առաջընթաց` ընդգծելով, որ մագիստրոսական ծրագրերում ֆակուլտետը ներգրավում է նաև արտերկրի բուհերի դասախոսների։
«Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, օրինակ, առցանց ձևաչափով դասավանդում են Բելգիայի, ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի բուհերի դասախոսներ: Լիահույս եմ, որ հիբրիդային լսարանը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով կազմակերպելու կրթական գործընթացը»,- ասաց նա:
Նոր Զելանդիայից հեռավար կապով իր ողջույնի խոսքն ասաց Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը, որն իր դասընթացներն անցկացնում է հեռավար ձևաչափով: Նա ժամանակ առ ժամանակ նաև այցելում է ԵՊՀ՝ մասնակցելու գիտաժողովների: Պրոֆեսորը, անդրադառնալով ֆակուլտետի գիտակրթական գործընթացներին, որոնք համահունչ են աշխարհաքաղաքական փոփոխություններին, ընդգծեց, որ Արևելքի, Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրություններն արդեն շատ զարգացած են Հայաստանում, և տեսակետ հայտնեց, որ ներկայում անհրաժեշտ է է՛լ ավելի զարգացնել Ասիայի և Չինաստանի ուսումնասիրությունները՝ խորացնելու գիտելիքները նաև այդ երկրների վերաբերյալ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբանը ոգևորիչ համարեց ԵՊՀ-ում լինելն ու նորաբաց լսարանը տեսնելը։
«Այս լսարանը համալսարանի համար կծառայի որպես կապող օղակ ողջ աշխարհի հետ և հնարավորություն կտեղծի աշխատելու միջազգային մակարդակում, ինչը, անշուշտ, ամենակարևորն է, երբ ուսումնասիրում ենք միջազգային հարաբերությունների ոլորտը»,- մատնանշեց նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես եվրոպական հարևանության կարևոր երկրներից մեկը, և փորձ է արվում զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ։
«Մեր գործընկերային կապերը մինչ այժմ երբեք այսքան սերտ չեն եղել, սակայն սա միայն նոր ճանապարհի և փոխըմբռնման սկիզբն է։ Ուստի շնորհակալ եմ, որ ստեղծել եք այս լսարանը, որտեղ հնարավորություն կունենաք նաև լսելու եվրոպական համալսարանների փորձագետների, գիտնականների, որոնք կկիսվեն միջազգային հարաբերությունների ոլորտի և եվրոպական ինտեգրման վերաբերյալ իրենց գիտելիքներով և տեսակետներով»,- շեշտեց Վացլավ Շտերբանը:
Նշենք, որ «eCAMPUS» նախագծի նպատակն է դասախոսական կազմի թվային կարողությունների և հմտությունների խթանումը և առցանց դասավանդման, ուսումնառության ու գնահատման (ԴՈՒԳ) որակի բարելավումը ԵՄ թվային կրթության գործողությունների 2021-2027 թթ. պլանին համահունչ՝ ներդնելով թվային համարժեք համակարգեր:






