- Main
- Node
- Միջազգային քաղաքականության նրբություններ և միջմշակութային երկխոսություն. ԵՊՀ ուսանողի փորձառությունը
April 13, 2026 | 16:00
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Միջազգային քաղաքականության նրբություններ և միջմշակութային երկխոսություն. ԵՊՀ ուսանողի փորձառությունը
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Արմեն Մկրտչյանը, մեկ կիսամյակ ուսումը շարունակելով Օլոմոուցի Պալացկու անվան համալսարանում (Չեխիա), ուսումնասիրել է Թուրքիայի հասարակությանը և քաղաքականությանը, Մերձավոր Արևելքի քաղաքականությանը, հետխորհրդային տարածաշրջանին առնչվող առարկաներ:
Մեզ հետ զրույցում Արմենը ներկայացրեց ուսումնառության ընթացքի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ:
«Կրթական նյութով հագեցած ուսումնական առարկաների միջոցով ծանոթացա ժամանակակից Թուրքիայի պատմության, Մերձավոր Արևելքի արտաքին քաղաքականության նրբություններին, հետխորհրդային տարածաշրջանի ներքաղաքական հիմնախնդիրներին: Ուսումնական նյութի բաղադրիչներից էր իսլամական, արաբական և հետխորհրդային երկրներին առնչվող միջազգային կազմակերպությունների գործունեությունը»,- ասաց Արմենը։
Ուսանողը մատնանշեց, որ ներկայում պատրաստվում է գրել ավարտական աշխատանք, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության 2008-2025 թթ. հարաբերությունների դինամիկային։ Նա ընդգծեց, որ թեման պարունակում է Հայաստանի արդի հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ նրբություններ:
Արմենի խոսքով՝ Պալացկու անվան համալսարանում դասընթացները հետաքրքիր էին, գիտելիքի մատուցումը՝ արդյունավետ, ինչի շնորհիվ ուսանողները խորությամբ էին ընկալում ժամանակակից միջազգային քաղաքականության բազում նրբություններ: Ընդգծելով, որ ԵՊՀ-ում ևս դասերն այդպես են կազմակերպվում, Արմենը վստահորեն մատնանշեց՝ ԵՊՀ-ն ունի եվրոպական տարբեր առաջատար համալսարաններին մոտ լինելու ներուժ։
«Չնայած Պալացկու անվան համալսարանում ստացածս անկրկնելի փորձառությանը՝ ինձ համար ԵՊՀ-ն ունի իր ուրույն տեղը։ Հենց մայր բուհում ձեռք բերած գիտելիքների և համալսարանի ընձեռած հնարավորության շնորհիվ էլ իմ առջև բացվեցին արտերկրում սովորելու հորիզոնները»,- շեշտեց ուսանողը:
Նա արտերկրում ծանոթացել է ԵՄ-ի, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների, Աֆրիկայի, հետխորհրդային երկրների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։
«Նրանցից յուրաքանչյուրը հետաքրքրվում էր Հայաստանով: Նրանց համար շատ զարմանալի էր, որ իմ անունը համահունչ է մեր երկրի անվան հետ»,- ընդգծեց նա:
Արմենը պատմեց, որ միջմշակութային տարբերությունները շատ հաճախ դժվարություններ էին ստեղծում, սակայն նա, չեզոքություն պահպանելով և հարգալից վերաբերմունք դրսևորելով, կարողացել է խուսափել անախորժություններից։ Այս համատեքստում նա նշեց․ «Նմանատիպ միջավայրում առաջին երկու օրն է դժվար, հետո քեզ «հնաբնակ» ես զգում: Նոր միջավայրը դառնում է քո երկրորդ տունը՝ բազմաթիվ հուշերով, նույնիսկ ամեն փողոցն ու անկյունն ես անգիր իմանում»:
ԵՊՀ ուսանողը վստահ է՝ ապագայում կաշխատի իր ընտրած մասնագիտությամբ, իսկ արտերկրում ձեռք բերած գիտելիքները կկիրառվեն ի բարօրություն Հայաստանի:
Արմենն ուսանողներին խորհուրդ է տալիս անպայման օգտվել արտերկրում ուսանելու հնարավորությունից: