Սեպտեմբերի 9-11-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում անցկացվել է «4th International Aquatic Biotechnology Symposium» խորագրով միջազգային գիտաժողովը՝ համախմբելով ջրային էկոհամակարգերի և ջրային կենսատեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներին։
Գիտաժողովին Ֆարմացիայի ինստիտուտի «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական ծրագրի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանը բանավոր զեկույցով միջազգային գիտական հանրությանն է ներկայացրել իրենց հետազոտական խմբի կատարած ուսումնասիրությունը՝ «Ցիանաֆագերի բազմազանությունը Սևանա լճում և դրանց հնարավոր ազդեցությունը ցիանաբակտերիաներով հարուցվող վնասակար ծաղկման վրա» թեմայով։
Լիլիթ Հարությունյանի հետ զրուցել ենք գիտաժողովի տպավորությունների, Սևանա լճի էկոհամակարգային խնդիրների և դրանց լուծման բնական ճանապարհների մասին։
- Լիլի՛թ, պատմեք «4th International Aquatic Biotechnology Symposium»-ի մասին: Ո՞րն էր ձեր մասնակցության հիմնական նպատակը։
- Առաջին հայացքից նեղ մասնագիտական թվացող, բայց իրականում բավականին լայն սահմաններ ընդգրկող գիտաժողով է, որը բացում է հնարավորությունների ընդարձակ դաշտ։ Այն հարթակ է, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում և կիրառություն են տալիս ջրային էկոհամակարգի բնակիչներին։
Մասնակցությանս հիմնական նպատակն էր ոլորտի ներկայացուցիչներին պատմել մեր գիտական խմբի կատարած հետազոտությունների մասին՝ ներկայացնելով նաև արդյունքներն ու հնարավորությունները: Բացի դրանից՝ կարևոր էր նաև հաղորդակցվելը գիտության այս ճյուղի միջազգային նորարարություններին, ինչպես նաև լսել կարծիքներ, քննադատություններ, նոր գաղափարներ, որոնք կարելի է ներառել մեր աշխատանքային գործընթացում։ Մասնակցությունս լիովին արդարացրեց սպասելիքներս։
- Եթե հանրամատչելի ներկայացնեք, ապա ի՞նչ են ցիանաֆագերը, և ի՞նչ դեր ունեն դրանք Սևանա լճի էկոհամակարգում։
- Ցիանաֆագերը վիրուսներ են, որոնք սպանում են ջրային ավազանների թունավոր ծաղկում առաջացնող ցիանաբակտերիաներին։ Որպեսզի ճիշտ գնահատենք ցիանաֆագերի դերը, պետք է իմանանք, թե ինչքան վտանգավոր են ցիանաբակտերիաները։ Բացի նրանից, որ դրանք նպաստում են լճի ճահճացմանը, նաև արտադրում են տարբեր բնույթի թույներ, որոնք ախտահարում են ողջ կենսաբազմազանությունը և, կուտակվելով օրգանիզմների ներսում, վտանգ են հարուցում դրանցով սնվող այլ օրգանիզմների, այդ թվում՝ մարդու առողջության համար։
Ցիանաֆագերը բնության մեջ առկա այն եզակի գործոններն են, որոնք կարգավորում են ծաղկման դինամիկան։ Հետևաբար, դրանք կարող են նաև կանխարգելել ծաղկումը։
- Կարո՞ղ են արդյոք այս վիրուսները դառնալ Սևանի ծաղկման դեմ պայքարի բնական «զենք»։
- Այո՛, կարող են։ Այս մոտեցումը ֆագաթերապիայի դասական օրինակ է։ Վերջինս աշխարհում օրեցօր ավելի կարևոր դարձող հակաբակտերիալ պայքարի միջոց է, որի հիմքում ընկած է վնասակար բակտերիայի թիրախավորումը խիստ բնորոշ բակտերիաֆագի (վիրուսի) կողմից։
- Ի՞նչ հետաքրքրություն առաջացրեց Սևանա լճի վերաբերյալ ձեր հետազոտությունը օտարերկրյա գիտնականների շրջանում։
- Հպարտորեն պետք է նշեմ, որ մեր խմբի կատարած աշխատանքը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշխարհի տարբեր երկրներում տարբեր գործունեությամբ զբաղվող գիտնականների շրջանում։ Սա ուներ իր տրամաբանական պատճառը. մեր կատարած աշխատանքը ներառում էր դաշտային աշխատանքներ, լաբորատոր հետազոտություններ, մետագենոմային վերլուծություններ և տեսական ուսումնասիրություններ, ինչն այս կամ այն կերպ առնչվում էր շատերի աշխատանքներին։
- Որո՞նք են ձեր գիտական խմբի առաջիկա քայլերն ու հետագա ծրագրերը։
- Այս գիտաժողովը բացեց համագործակցությունների նոր սահմաններ միաժամանակ մի քանի ուղղություններով։ Ուստի առաջիկայում կարևոր առաջադրանք է ամրապնդել արդեն իսկ ստեղծված կապերը առարկայական համագործակցություններով՝ դրանք ծառայեցնելով հանուն գիտության ու մեր երկրի առջև ծառացած այս համազգային խնդրի լուծման։
Խոսելով այս ամենի մասին՝ չեմ կարող չանդրադառնալ մեր խմբին։ Գիտական ղեկավարիս` պրոֆեսոր Հովիկ Փանոսյանի ներդրումը անգնահատելի մեծ է մեզնից յուրաքանչյուրի հաջողություններում։ Շնորհակալ եմ մեր խմբի անդամներից Ռազմիկ Սարգսյանին ու Մանե Թադևոսյանին, որոնց շնորհիվ աշխատանքը դաձավ գիտական համայնքին ներկայացնելու արժանի։
Մեր աշխատանքում մեծ ազդեցություն է ունեցել նաև Թբիլիսիում գործող Ջորջ Էլիավայի անվան ինստիտուտի պրոֆեսոր Մարինա Թադիաշվիլիի ղեկավարած խումբը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի (ծածկագիր՝ 25SRNSF-1F020) շրջանակում մեր համագործակցությունը տվեց իր հաճելի պտուղները։
Ուրախալի է արձանագրել, որ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները ոչ միայն տիրապետում են արդիական գիտական մեթոդաբանությանը, այլև պատվով են ներկայացնում հայկական գիտությունը միջազգային հեղինակավոր գիտաժողովներում։





