Ս․թ․ փետրվարի 16-25-ը Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտում անցկացվեցին «Բաց դռների օրեր», որոնց շրջանակում ինստիտուտը հյուրընկալեց «Ֆարմացիա» մասնագիտությամբ հետաքրքրված աշակերտներին։ Միջոցառումներին մասնակցեցին ՀՀ 18 հանրակրթական դպրոցների և քոլեջների շուրջ 350 աշակերտներ և ուսուցիչներ։
Միջոցառման իրազեկման և գրանցման գործընթացն իրականացվել էր երկու եղանակով՝ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և Ֆարմացիայի ինստիտուտի սոցիալական հարթակներով։
Այցելությունների մեկնարկին աշակերտներին սահիկաշարի միջոցով ներկայացվեցին Ֆարմացիայի ինստիտուտի կառուցվածքը, կրթական ծրագրերը և դեղագետի մասնագիտության արդիականությունն ու լայն հնարավորությունները ժամանակակից աշխատաշուկայում։ Այնուհետև աշակերտները շրջայց կատարեցին ինստիտուտի ուսումնական և գիտական լաբորատորիաներում՝ տեղում ծանոթանալով նորագույն սարքավորումներին և հետազոտական միջավայրին։
Միջոցառման գիտագործնական մասն անցկացրեց Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս, փորձագետ Անի Չախոյանը, որին կազմակերպական աշխատանքներում ակտիվորեն օգնում էին ինստիտուտի ուսանողական խորհրդի անդամներ Շուշաննա Ղազարյանը, Մերի Ղազարյանը և Ինգա Բաղրամյանը։
Այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն հետևելու, այլև անձամբ մասնակցելու դեղագործական և քիմիական բարդ գործընթացներին.
Աշակերտների անմիջական մասնակցությամբ անցկացվեց դեղափոշիների և դեղապատիճների պատրաստում, դեղահատերի մամլման գործընթաց, որին հաջորդեց դրանց պատշաճ փաթեթավորումը:
Մասնակիցները ծանոթացան դեղաձևերի որակի ստուգման ժամանակակից մեթոդներին՝ կիրառելով մասնավորապես դեղահատերի մաշվելիության (Friability) և լուծելիության (Dissolution) որոշման սարքավորումները:
Դիտարկվեց, թե ինչպես է կատարվում բուսահումքից եթերայուղերի անջատումը։
Կատարվեց բուսական տարբեր նմուշների մանրադիտակային զննում:
Ցուցադրվեց դեղանյութերի կենսաբանական ազդեցությունը կենդանի օրգանիզմների (առնետների) վրա, ինչը հնարավորություն տվեց պատկերացում կազմելու դեղերի նախակլինիկական փորձարկումների կարևորության մասին:
Աշակերտները տեսան որոշ նյութերի հակամանրէային ազդեցությունը մանրէների վրա՝ օգտագործելով Պետրի թասիկներ և համապատասխան սննդամիջավայրեր:
Սննդամթերքի փորձաքննություն. կատարվեց նաև սննդամթերքի (թթվասերի) մաքրության և որակական հատկանիշների լաբորատոր գնահատում:
Միջոցառման ընթացքում աշակերտները բացահայտեցին, որ դեղը լոկ բուժիչ միջոց չէ, այլ գիտական բարդ հետազոտությունների, ճշգրիտ հաշվարկների և բարձր տեխնոլոգիական արտադրության արդյունք։ Տեսնելով, թե ինչպես է հումքը վերածվում պատրաստի դեղաձևի՝ մասնակիցները մեծապես տպավորվեցին և հանդես եկան բազմաթիվ հարցադրումներով՝ փորձելով առավել խորությամբ ընկալել դեղագետի պատասխանատու աշխատանքի նրբությունները:
«Բաց դռների օրերը» դարձան արդյունավետ հարթակ պատանիների համար՝ սպառիչ պատասխաններ ստանալու և անմիջական շփման միջոցով գիտնականի ու դեղագետի աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար։ Այդ իսկ պատճառով, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը շարունակական է դարձնելու նմանատիպ նախաձեռնությունները՝ էլ ավելի ամրապնդելով կապը կրթական հաստատությունների հետ և օգնելով պատանիներին բացահայտելու դեղագիտության ոլորտի բազմակողմանի հեռանկարները։





























