«Էրազմուս+» դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Հունաստանի կրթական և առողջապահական համակարգերը. արդի էթիկական երկընտրանքները» թեմայով բաց դասախոսություն վարեց Միջազգային հելլենական համալսարանի (Հունաստան) պրոֆեսոր, դոկտոր Դիմիտրիս Թեոֆանիդիսը:
Դասախոսության ընթացքում դոկտոր Թեոֆանիդիսը ներկայացրեց Հունաստանի առողջապահական համակարգի կառուցվածքը, ձեռքբերումներն ու առկա խնդիրները: Բանախոսն անդրադարձավ մի քանի ուշագրավ փաստերի՝ առանձնանշելով, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հունական առողջապահական համակարգն իր ծառայությունների մակարդակով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականն աշխարհում՝ գերազանցելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Գերմանիան և Միացյալ Թագավորությունը: Պրոֆեսորը մատնանշեց, որ Հունաստանն ունի բժիշկների ամենաբարձր խտությունը (6.9 բժիշկ՝ 1000 բնակչի հաշվով), սակայն միաժամանակ զգացվում է բուժքույրական անձնակազմի պակաս, ինչը ստեղծում է գործառական բարդություններ:
Նա ներկայացրեց նաև 112 ծառայության և ազգային արագ արձագանքման կենտրոնի աշխատանքը, որն ապահովում է ցամաքային և օդային շտապօգնություն ամբողջ երկրում:
Պրոֆեսոր Դիմիտրիս Թեոֆանիդիսը ավելի քան 45 գիտական աշխատանքի և հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են միջազգային հեղինակավոր պարբերականներում: Նրա մասնագիտական կշիռն ու ազդեցությունը փաստում է նաև h-index ցուցանիշը, որը կազմում է 8:
Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրության կենտրոնում էին բժշկական էթիկայի բարդ ու բազմաշերտ հարցերը, որոնք այսօր առանցքային նշանակություն ունեն դեղագիտական և բժշկական գործունեության մեջ: Պրոֆեսորը ներկայացրեց արժեքավոր տվյալներ հիվանդանոցային մահճակալների հագեցվածության և պացիենտների խնամքի որակի ուղղակի կապի վերաբերյալ՝ ընդգծելով արդյունավետ կառավարման դերը բուժման գործընթացում:
Հատկանշական էր անդրադարձը միջազգային փորձին. փաստվեց, որ նույնիսկ տնտեսական լուրջ մարտահրավերների պայմաններում Հունաստանը հավատարիմ է մնում առողջապահության զարգացման առաջնահերթությանը՝ ոլորտին հատկացնելով երկրի ՀՆԱ-ի շուրջ 2.8%-ը: Այս ցուցանիշը դիտարկվեց որպես պետական մակարդակով առողջապահական համակարգի կայունության ապահովման կարևոր երաշխիք:
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Դասախոսությունը, բացի ակադեմիական զեկույց ներառելուց, ուղեկցվեց նաև աշխույժ և ինտերակտիվ քննարկմամբ: Ֆարմացիայի ինստիտուտի փորձառու դասախոսները, ինչպես նաև ուսանողները քննարկվող թեմաների շուրջ արտահայտեցին իրենց մասնագիտական հարցերն ու դիտարկումները:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը շարունակաբար ընդլայնում է իր միջազգային կապերը՝ հնարավորություն տալով մասնագետներին և ուսանողներին ծանոթանալու համաշխարհային լավագույն փորձին և կրթական նորարարություններին: