ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում (ՄԿԶԿ) ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված «Ես սոցիալական մանկավարժ եմ» խորագրով հանդիսավոր միջոցառումը։
ԵՊՀ ՄԿԶԿ տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, շնորհավորելով ուսանողներին մասնագիտական տոնի առթիվ, ընդգծեց՝ սոցիալական մանկավարժի բարձր ու պատվաբեր կոչումն առաջին հերթին սրտի ու հոգու առաքելություն է՝ ուղղված երեխայի երջանկության ապահովմանը, սոցիալականացման խոչընդոտների հաղթահարմանը, ինչպես նաև հոգեհուզական ու վարքային խնդիրների արդյունավետ շտկմանն ու կարգավորմանը։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը։ Ավանդույթի համաձայն՝ չորրորդ կուրսի ուսանողները, որպես մասնագիտական փորձառության ու արժեքների փոխանցման խորհրդանիշ, կրտսեր ընկերներին հանձնեցին վզկապներ և կրծքանշաններ՝ ազդարարելով նրանց ուսումնառության նոր ու պատասխանատու փուլի սկիզբը։
Հետայդու ուսանողները հանդես եկան սոցիալական մանկավարժությանն առնչվող զեկուցումներով, ապա նաև ստվերային թատրոնի ցուցադրությամբ։
Հավելենք՝ 2009 թվականի մայիսին Կոպենհագենում (Դանիա) անցկացված սոցիալական մանկավարժների 17-րդ միջազգային համաժողովի ընթացքում որոշում ընդունվեց հոկտեմբերի 2-ը որպես Սոցիալական մանկավարժի միջազգային օր նշելու մասին։ Այդ օրվանից ի վեր աշխարհի տարբեր երկրներում ավանդույթ են դարձել թեմատիկ, կրթական և մշակութային միջոցառումները, մասնագիտական գիտաժողովներն ու սեմինարները՝ նվիրված սոցիալական մանկավարժության արդի հիմնախնդիրներին:







