ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում ս.թ. ապրիլի 8-ին տեղի ունեցավ 30 կրեդիտին համարժեք մոդուլներով մանկավարժի հավաստագրի շնորհման երեքամսյա վերապատրաստման ծրագրի երրորդ շրջանի շրջանավարտների հավաստագրերի հանձնումը։
Միջոցառումն անցավ ջերմ և հանդիսավոր մթնոլորտում՝ կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի և հրավիրյալ դասախոսների մասնակցությամբ։
Կենտրոնի տնօրեն, մ.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ մանկավարժի մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ, այլ պատասխանատու առաքելություն, որը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն և նվիրում։ Նա շնորհավորեց ծրագրի մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները նրանք արդյունավետ կկիրառեն իրենց մասնագիտական հետագա գործունեության ընթացքում։
Շրջանավարտներին շնորհավորեց նաև պատմության ֆակուլտետից հրավիրյալ դասախոս, ասիստենտ Սուսաննա Սերոբյանը՝ ընդգծելով, որ կենտրոնում իրականացվող այս ծրագիրը համապատասխանում է ժամանակակից կրթական պահանջներին, նպաստում է մրցունակ ու կոմպետենտ մանկավարժների պատրաստմանը։
Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Շուշանիկ Գյուրջյանը՝ բարձր գնահատելով դասախոսական կազմի մասնագիտական մոտեցումն ու աջակցությունը։ Նա նշեց, որ դասընթացները կարևոր դեր են ունեցել իր մասնագիտական պատկերացումների հստակեցման գործում։
Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը և ծրագրի պատասխանատու դոցենտ Ա. Աշիկյանը շրջանավարտներին հանձնեցին մանկավարժի հավաստագրեր՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ և արդյունավետ գործունեություն կրթության բնագավառում։









