Բլոկչեյն և թվային արժույթներ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«ԲԼՈԿՉԵՅՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ուսումնառության տևողությունը 1 տարի է (2 կիսամյակ):
Ուսման վարձը՝ 800 000 ՀՀ դրամ: Գործում է եկամտահարկի վերադարձի ձևաչափը։
Ընդունելության պահանջները
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Անվճար և վճարովի ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է բացառապես մասնագիտական քննությունների արդյունքների հիման վրա (անկախ ՄՈԳ-ից)՝ մրցութային կարգով:
«Բլոկչեյն և թվային արժույթներ» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը Երևանի պետական համալսարանում բխում է ինչպես համաշխարհային կրթական միտումներից, այնպես էլ Հայաստանի տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտների զարգացման ռազմավարությունից։
Տնտեսության թվայնացման և ֆինանսական ծառայությունների ավտոմատացման համատեքստում բլոկչեյն տեխնոլոգիաները դարձել են ժամանակակից ֆինանսական համակարգերի անբաժան մասը։ Թվային արժույթների, խելացի պայմանագրերի, կրիպտոգրաֆիկ պաշտպանության և ապակենտրոնացված ֆինանսների զարգացումը խթանում են նոր մասնագիտական ուղղությունների ձևավորումը։
«Բլոկչեյն և թվային արժույթներ» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի պատրաստելու մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել բլոկչեյն տեխնոլոգիան իրական նախագծերում, հասկանալ թվային արժույթների տնտեսագիտությունը, կարգավորումը և վերլուծությունը, մշակել և կառավարել խելացի պայմանագրեր, ապահովել տվյալների պաշտպանություն և տեխնոլոգիական անվտանգություն, ինչպես նաև առաջնորդել նորարարական նախաձեռնություններ և ստարտափներ։
Ծրագիրը մշակվել է «Erasmus+. T-GREEN» նախաձեռնության շրջանակում միջազգային գործընկերների մասնակցությամբ:
Ծրագիրը միավորում է տեխնոլոգիական, տնտեսագիտական, տեղեկատվական անվտանգության, ֆինանսական, մաթեմատիկական և վերլուծական հմտություններ, որոնք անհրաժեշտ են բլոկչեյն հարթակներում աշխատելու համար։ Այն ձևավորվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա՝ համադրելով Արևելյան Լոնդոնի համալսարանի (Մեծ Բրիտանիա), Նանյան տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր), Նիկոսիայի համալսարանի (Կիպրոս) և այլ առաջատար բուհերի ծրագրերը։
Ծրագրի ավարտին շրջանավարտները կկարողանան աշխատել բանկերում, «FinTech» ընկերություններում, ստարտափներում, պետական և միջազգային կազմակերպություններում որպես բլոկչեյն մշակողներ, վերլուծաբաններ, ֆինանսիստներ, կիբեռանվտանգության մասնագետներ և թվային ակտիվների կառավարման խորհրդատուներ։
Կոնտակտներ
- Հեռ․՝ (+374 60) 710 376 (ներքին՝ 23-76)