ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը գիտակրթական և գիտահետազոտական ստորաբաժանում է, որը ստեղծվել է 2006 թվականին Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արդյունավետ համագործակցության արդյունքում: Այսօր կենտրոնը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող ամենամյա ծրագրային դրամաշնորհով:
Որպես ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած կրթական և գիտահետազոտական ստորաբաժանում՝ կենտրոնն իր առջև նպատակ է դրել միջառարկայական հետազոտությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով խթանել ՀՀ–ԵՄ համագործակցությունը, նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը և եվրոպական ինտեգրմանը:
Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը առաջարկում է եվրոպագիտության մագիստրոսի աստիճան, միջմասնագիտական մագիստրոսական կրթություն, ակադեմիական շարժունակություն, ինչպես նաև փորձագիտական հետազոտություններին մասնակցելու հնարավորություն:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հաջողությամբ իրականացնում է մագիստրոսական կրթական ծրագրեր և գիտական հետազոտություններ, արդյունավետ համագործակցում է եվրոպական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ:
Կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական ծառայողների, պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների համար։
2021 թվականից կենտրոնը Ուկրաինայի դատախազների վերապատրաստման կենտրոնի հետ իրականացնում է վերապատրաստման դասընթացների ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներ։ Վերապատրաստման դասընթացներն անցկացվում են տեղական և միջազգային փորձագետների և դասախոսների ներգրավմամբ։