Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 14-18-ը հյուրընկալվել էր Գրանադայի համալսարանի պատվիրակությունը, որը գլխավորում էր համալսարանի լեզվական քաղաքականության և ակադեմիական առաջարկի միջազգայնացման գծով տնօրեն Ֆրանցիսկա Դոլորես Սեռանո Չիկան։
Այցի գլխավոր նպատակն էր ամրապնդել երկու կրթական հաստատությունների միջև ակադեմիական, գիտական և մշակութային համագործակցությունը, ինչպես նաև ծանոթանալ Երևանի պետական համալսարանում Գրանադայի համալսարանի հետ համագործակցության շրջանակում գործող Իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ու ակադեմիական նախաձեռնություններին:
Իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այցի շրջանակում կազմակերպվել էր «Իսպաներեն լեզվի և մշակույթի օրեր» միջոցառումը, որի ընթացքում Գրանադայի համալսարանի դասախոսները ներկայացրին տարբեր դասախոսություններ։ Մասնավորապես՝ Ֆրանցիսկա Դոլորես Սեռանո Չիկան անդրադարձավ Գրանադայի համալսարանի գիտակրթական ծրագրերին և ուսուցման, միջազգայնացման ու ակադեմիական փոխանակման ոլորտներում համագործակցության ուղիներին։ Խավիեր Վիլյորիա Պրիետոյի դասախոսությունը նվիրված էր Իսպանիայի և Լատինական Ամերիկայի իսպաներենի տարբերություններին, իսկ Վիսենտե Բալյեստերոս Ալարկոն ներկայացրեց իսպանամուսուլմանական արվեստի առանձնահատկություններին նվիրված և այլ թեմաներով դասախոսություններ:
Այցը ներառում էր նաև ինստիտուցիոնալ և ակադեմիական հանդիպումներ Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչների հետ՝ երկու համալսարանների միջև համագործակցությունը խթանելու նպատակով։
Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի խոսքով՝ նման այցելությունները մեծապես նպաստում են երկու բուհերի գիտակրթական շրջանակների միջև մասնագիտական շարունակական երկխոսության ձևավորմանն ու խորացմանը՝ ստեղծելով երկարաժամկետ ու կայուն համագործակցության նոր հեռանկարներ։


