ԵՊՀ-ում հյուրընկալվել է Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի (ՀԹՀԱ) անդամ, փորձառու թարգմանիչ Վլադիմիր Տեր-Ղազարյանը:
Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀԹՀԱ անդամ և համընթաց (սիմուլտան) թարգմանիչ Վլադիմիր Տեր-Ղազարյանի հանդիպումը ուսանողների հետ:
Միջոցառման նպատակն էր ուսանողներին հնարավորություն ընձեռել անմիջականորեն ծանոթանալու թարգմանչի մասնագիտական գործունեությանը, լսելու նրա դիտարկումներն ու խորհուրդները, առավել խորությամբ ըմբռնելու թարգմանչի աշխատանքի առանձնահատկություններն ու մարտահրավերները։
Հանդիպման շրջանակում Վլադիմիր Տեր-Ղազարյանը ուսանողներին է ներկայացրել իր մասնագիտական փորձն ու կատարել թարգմանության ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ՝ անդրադառնալով ապագա թարգմանիչների մասնագիտական կայացման մի շարք կարևոր հարցերի։ Փորձառու մասնագետի խորհուրդները միտված էին ուսանողների գիտելիքների հարստացմանը, մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը և մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի կողմից Վլադիմիր Տեր-Ղազարյանին հանձնվեց շնորհակալագիր՝ մասնագիտական փորձն ուսանողներին փոխանցելու, նրանց ոգեշնչելու և ապագա թարգմանիչների մասնագիտական զարգացմանը նպաստելու համար։
ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը կարևորում է նմանօրինակ նախաձեռնությունները: Այդ հանդիպումները՝ որպես ուսանողների մասնագիտական աճին, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և թարգմանության ոլորտում նոր սերնդի մասնագետների ձևավորմանն ուղղված արժեքավոր քայլեր, մեծ նշանակություն ունեն բուհական կրթության և մասնագիտական գործունեության միջև կապի ամրապնդման, ուսանողների մասնագիտական կողմնորոշման և ոլորտի մասնագետների գիտելիքն ու փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու տեսանկյունից։



