Մասնագիտական նորարարություններն ու միջազգային առաջատար փորձն ուսումնասիրելու, միջմշակութային հաղորդակցությունը զարգացնելու, ինչպես նաև աշխարհի լավագույն կրթական հաստատությունների հետ կապերն ընդլայնելու նպատակով հուլիսի 3-4-ը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պատվիրակությունը Լոնդոնի համալսարանական քոլեջում մասնակցեց «Լեզու և միջմշակութային ուսուցում (Language and Intercultural Learning)» խորագրով սիմպոզիումին:
Պատվիրակության կազմում էին ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Մարինե Յաղուբյանը, Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը, նույն ամբիոնի դոցենտ Անուշ Այունցը և դասախոս Հասմիկ Չալոյանը։
Ուշագրավ է այն փաստը, որ Լոնդոնի համալսարանական քոլեջը «QS World University Rankings 2025» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում աշխարհի լավագույն բուհերի տասնյակում է (9-րդ տեղ):
Կրթության և հասարակության ֆակուլտետի հետ գործակցության շրջանակում կայացած սիմպոզիումը կամուրջ է բրիտանական կրթական համակարգի առանձնահատկությունների, միջազգային առաջատար փորձի, օտար լեզուների դասավանդման նորարարական մոտեցումների ուսումնասիրման ու հայաստանյան գիտակրթության ոլորտում ներդրման դիտանկյունից:
Զեկուցումների թեմատիկ շրջանակն ընդգրկել է անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի մեթոդաբանության հիմնահարցը, լեզվամշակութային գիտելիքի ու հաղորդակցական կարողության համադրման, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցության՝ իբրև միջգիտակարգային հետազոտությունների առարկայի դիտարկումը:
Քննարկումների արդյունքում ուրվագծվել են ակադեմիական գործակցության ուղիներն ու շեշտադրվել համագործակցության առանցքները: