Երևանի պետական համալսարանի գերմանական բանասիրության ամբիոնի, Հայաստանի «Գյոթե» ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) երևանյան ներկայացուցչության, Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի (ZFA), Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կողմնորոշման օրը Հայաստանում» միջոցառումը՝ նախատեսված ՀՀ դպրոցների գերմաներեն սովորող աշակերտների համար:
Միջոցառման շրջանակում Գերմանիայի տասներկու բուհերի ներկայացուցիչներն աշակերտներին և ուսանողներին ներկայացրին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններն ու ընդունելության ընթացակարգերը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Հայաստանի Հանրապետությունում ԳԴՀ-ի փոխդեսպան Լարս Հենիգը։ Բացման խոսքում Սիրանուշ Դվոյանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների դերն ու նշանակությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Դրանք նպաստում են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխգործակցության, հայ-գերմանական կապերի զարգացման, ամրապնդման ու խորացման գործընթացի լավարկմանը։ Նա նշեց, որ այս նախաձեռնությունները խթանում են ոչ միայն կրթական և մշակութային համագործակցությունը, այլև ավելի են խորացնում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։
ՀՀ-ում ԳԴՀ-ի փոխդեսպան Լ. Հենիգն արձանագրեց, որ միջոցառումը ոչ միայն հնարավորություն է տալիս ծանոթանալու և ընտրելու գերմանական բուհերը՝ ճանապարհ հարթելով դեպի Գերմանիա, այլև նպաստում է գերմաներենի տարածմանը և Հայաստանին ժամանակակից Գերմանիայի դրական պատկերը ներկայացնելուն։
«Լեզուն այստեղ առաջին կարևոր հիմքն է, որի միջոցով ձեռք է բերվում վստահություն և ճանաչում գերմանական մշակույթի հանդեպ»,- ընգծեց փոխդեսպանը:
ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանը նշեց, որ Գերմանիայի բուհերը գրավում են հայ աշակերտներին, քանի որ Հայաստանի հանրակրթական դպրոցների ավարտական վկայականները պաշտոնապես ճանաչվում են Գերմանիայում։ Ունենալով գերմաներենի իմացության համապատասխան մակարդակի վկայական՝ դիմորդը կարող է մասնակցել ԳԴՀ բուհերի ընդունելության մրցույթներին։ Ամբիոնի վարիչ Գ․ Սավոյանը շեշտեց, որ միջոցառումը կխթանի գերմաներենի ուսուցման տարածումը թե՛ դպրոցներում, և թե՛ բուհերում, ինչպես նաև կնպաստի ԵՊՀ-ի և գերմանական բուհերի համագործակցության ընդլայնմանը։
Միջոցառմանը ներկա էին Աախենի, Ամբերգ-Վայդենի, Բեռլինի ազատ, Ֆրանկֆուրտի Օդերի Վիադրինայի եվրոպական, Մայնցի Յոհաննես Գուտենբերգի անվան, Ռուրի, Շտրալզունդի, Գրայֆսվալդի, Քոբլենցի, Վյուրցբուրգ-Շվայնֆուրտի և Բադեն-Վյուրթեմբերգի համալսարանների, Մեպենի բարձրագույն ուսումնական դպրոցի, ինչպես նաև Հայաստանի «Գյոթե» ինստիտուտի և «Գյոթե» ինստիտուտի գործընկեր՝ Երևանի լեզվի կենտրոնի ներկայացուցիչները։ Իրենց տաղավարներով հանդես եկան Հայաստանի գերմանական միջազգային կազմակերպությունները ևս, որոնք նաև կրթաթոշակներ են տրամադրում Գերմանիայում սովորելու համար (օրինակ՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամ, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն)։



