ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները «Զբոսավարական գործ (անգլերեն-հայերեն)» կրթական ծրագրի շրջանակում անցկացրին «Կայուն զբոսաշրջությունը գործնական կիրառության մեջ» սիմուլյացիոն խաղ:
Երիտասարդների շրջանում զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ իմացությունը, առաջնորդության կարողությունները, ինչպես նաև քաղաքացիական պատասխանատվության զգացումն ու քննադատական մտածողությունը զարգացնելու նպատակով անցկացված միջոցառումը ապահովեց ուսանողների ներգրավվածություն և կրթական բաղադրիչի արդյունավետություն։
Խաղի ընթացքում մասնակիցները ստանձնեցին մասնագիտական դերեր, քննարկեցին կայուն տուրիզմի զարգացման ռազմավարություններ, կայացրին իրական խնդիրների վերաբերյալ տարբեր որոշումներ և զարգացրին մի շարք հմտություններ՝ ձեռք բերելով գործնական փորձ կառավարման գործընթացում։
Գործնական սիմուլյացիան՝ որպես նորարարական կրթական մեթոդ, հնարավորություն ընձեռեց ուսանողներին տեսական գիտելիքները կիրառելու գործնականում, զարգացնելու թիմում աշխատելու հմտությունները, սեղմ ժամկետում գտնելու տարբեր հարցերի պատասխաններ և ցուցաբերելու ստեղծարարություն:
Կլոր սեղան-քննարկումն անցկացվեց ԵՊՀ գրադարանի հիմնանորոգված և վերաբացված հատվածում՝ ստեղծելով իրական միջավայր և ապահովելով մասնակիցների հավելյալ ներգրավվածություն։