Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողները դասախոսներ Իրինա Մխիթարյանի և Նոնա Հարությունյանի գլխավորությամբ ճանաչողական ուխտագնացություն են կազմակերպել՝ այցելելով յոթ սրբավայրեր։
Միջոցառման առանցքում ուսանողների հոգևոր վերելքն էր, ազգային-եկեղեցական արժեքների ամրապնդումը և քրիստոնեական հարուստ ժառանգությանը հաղորդակից լինելը:
Այցի ընթացքում ուսանողները ոչ միայն ծանոթացան հայկական եկեղեցաշինության պատմությանը, այլև հնարավորություն ունեցան խորհելու հոգևոր կյանքի և բարոյական արժեհամակարգի կարևորության մասին: Հոգևոր հայրերի հետ ունեցած անմիջական զրույցները վերաբերում էին Սուրբ Հարության տոնի խորհրդին և ընդհանրապես քրիստոնեական հավատի՝ որպես անհատի ներքին խաղաղության ու զարգացման հենասյան դերին:
Տեր հայրերը, քաջալերելով երիտասարդներին, շեշտադրեցին հոգևոր զարթոնքի և գիտելիքի համադրման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով որպես ազգային ինքնության պահպանման և համակողմանի կրթության գրավական: