ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոսները շարունակում են ակտիվորեն զարգացնել միջազգային ակադեմիական համագործակցությունը։
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Սեդա Գասպարյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Կնյազյանը և ամբիոնի դասախոս Էմմա Սարգսյանը դասախոսությունների շարք են անցկացրել Պյատիգորսկի պետական համալսարանում։ Այցին մասնակցել և համալսարանում անցկացվող դասընթացներին ներկա են եղել նաև ԵՊՀ «Կիրառական լեզվաբանություն» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Լյուսի Խաչատրյանը և «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բակալավրական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Աստղիկ Գասպարյանը։
Սեդա Գասպարյանը, Աննա Կնյազյանը և Էմմա Սարգսյանը մասնակցել են նաև ակադեմիական համագործակցության ամրապնդմանը նվիրված քննարկումներին՝ ներկայացնելով Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնում գործող կրթական ծրագրերը, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններն ու շրջանակը։ Այցի շրջանակում նրանք հանդիպում են ունեցել նաև Պյատիգորսկի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ա.Պ. Գորբունովի և միջազգային կապերի և կրթական ծրագրերի վարչության պետ, պրոֆեսոր Վ.Ե. Միշինի հետ՝ քննարկելով կրթական և գիտական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հետագա համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Պյատիգորսկի պետական համալսարան կատարած այցը կարևոր էր գիտահետազոտական գործունեության խթանման, կրթության ոլորտում նորագույն մեթոդաբանությունների ուսումնասիրման և միջազգային կրթական նորարարությունների ներդրման տեսանկյունից։ Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են միջազգային կապերի ամրապնդմանը, գիտական փորձի փոխանակմանը և ժամանակակից կրթական մեթոդների կիրառմանը։