Գերմանական բանասիրության ամբիոնում տեղի ունեցավ գիտական սեմինար, որի ընթացքում դասախոս Գայանե Մելտոնյանը ներկայացրեց «Թվային մեդիայի կիրառումը օտար լեզուների դասավանդման գործընթացում․ մեդիադիդակտիկայի մի շարք ասպեկտներ» թեմայով զեկույցը։
Թեման արդիական է, քանի որ անդրադառնում է թվային մեդիայի տարբեր տեսակների արդյունավետ կիրառությանը օտար լեզուների դասավանդման գործընթացում։
Գ. Մելտոնյանը համառոտ ներկայացրեց թվային ամենատարածված մեդիառեսուրսները (WhatsApp, Google Meet, Facebook, Messenger և այլն), ինչպես նաև օտար լեզուների ուսուցման մեջ կիրառվող Padlet գործիքը և գերմանական հայտնի ուսուցողական հարթակների փոդքասթները (DW News, DW Deutsch lernen, Deutschlandlabor և այլն)։ Նա ընդգծեց, որ թվային ռեսուրսների բազմազանության պայմաններում կարևոր է մեդիադիդակտիկ նյութերի նպատակային և համակարգված ընտրությունը՝ այն համադրելով տարբեր աշխատանքային ձևերի հետ (ինքնուրույն և խմբային աշխատանք, նոր նյութի ստեղծում), ինչպես նաև հաշվի առնելով դասավանդողի դերի փոփոխությունը, երբ ուսուցիչը հանդես է գալիս որպես ուսումնառության ուղեկից։
Զեկուցողը շեշտեց նաև, որ մեդիայի ինտեգրումը դասավանդման գործընթացում ունի մի շարք առավելություններ․ այն օտար լեզվի դասին հաղորդում է աութենտիկություն և բնականություն՝ ստեղծելով իրական լեզվական իրավիճակներ։ Բացի այդ՝ կարևոր են ուսուցման անհատականացումը, ինտերակտիվության ապահովումը (վիկտորինաներ, ուսումնական հավելվածներ, առցանց հարթակներ), մուլտիմեդիալ մոտեցումը (տեքստ, պատկեր, աուդիո, տեսանյութ), սովորողների մոտիվացիայի բարձրացումը, միջմշակութային հաղորդակցության զարգացումը, ինչպես նաև սովորողների միջև սոցիալական փոխազդեցության և համագործակցային աշխատանքի խթանումը։


