Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ներկայացուցիչները՝ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Արտակ Փիլոյանը և ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ Վահան Մանուկյանը, գիտահետազոտական այցով մեկնել են Ճապոնիա՝ Տոկիոյի և Հյոգոյի համալսարաններ:
Այցն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2025» մրցույթում հաղթած «25RL-1E009» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Գիտահետազոտական այցի ընթացքում Արտակ Փիլոյանը և Վահան Մանուկյանը հանդիպումներ են ունեցել ճապոնացի գործընկերների հետ, ծանոթացել գիտահետազոտական լաբորատորիաների գործունեության կազմակերպման սկզբունքներին, տեխնիկական հնարավորություններին և հետազոտությունների իրականացման ժամանակակից մեթոդաբանություններին։ Տոկիոյի համալսարանի տարածական տեղեկատվության գիտության կենտրոնում (CSIS UTokyo) նրանց հյուրընկալել է պրոֆեսոր Յոշիհիդե Սեկիմոտոն՝ իր հետազոտական թիմի հետ։ Այցի շրջանակում անցկացվել են քաղաքային շարժունակության և տարածական մեծածավալ տվյալների վերլուծության թեմաներով աշխատաժողովներ, ինչպես նաև քննարկվել են հետազոտական ծրագրի ընթացքն ու հետագա համագործակցության հնարավորությունները։
Մասնագիտական քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքային միջավայրի ուսումնասիրության, տարածական տվյալների վերլուծության և հեռազննման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցերին։ Պրոֆեսոր Կոտարո Իիզուկայի հետ քննարկվել են Երևանի ուսումնասիրության նպատակով Sentinel-1 արբանյակային տվյալների հիման վրա ռադարային ինտերֆերոմետրիայի (InSAR) կիրառման մեթոդաբանական առանձնահատկությունները, մակերևույթի տեղաշարժերի գնահատման հավաստիության բարձրացման և ստացված արդյունքների մեկնաբանման մոտեցումները։ Կատարվել են նաև քաղաքային տարածքների LiDAR սկանավորման գործնական աշխատանքներ։
Աշխատաժողովների և մասնագիտական հանդիպումների ընթացքում անդրադարձ է արվել նաև քաղաքային միջավայրում մարդկանց վարքի ու տեղաշարժերի ուսումնասիրությանը, տարածական տվյալների մոդելավորմանը և սինթետիկ տվյալների գեներացման մեթոդներին։ Տոկիոյի համալսարանի Կաշիվա մասնաճյուղում պրոֆեսորներ Ֆուկո Նակայի և Տակաշի Օգուչիի հետ կայացած քննարկումների ընթացքում դիտարկվել են գիտահետազոտական համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։
Այցի ընթացքում ձեռք բերված փորձը և մասնագիտական քննարկումները կարևոր նշանակություն ունեն ֆակուլտետի գիտահետազոտական գործունեության զարգացման, տարածական տվյալների վերլուծության ժամանակակից մեթոդների կիրառման և միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման տեսանկյունից։ Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կարող են կիրառվել նաև Երևանի քաղաքային միջավայրի հետազոտման աշխատանքներում և համատեղ գիտական նախաձեռնություններում։



