Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների թեկնածու, ասիստենտ Արտակ Փիլոյանն ընտրվել է «Թվային Երկիր» միջազգային ընկերակցության (International Society for Digital Earth, ISDE) խորհրդի անդամ։

Ընտրությունը տեղի է ունեցել Չինաստանի Չունցին քաղաքում անցկացված «Թվային Երկրի» 14-րդ միջազգային սիմպոզիումի ընթացքում։
Այս նշանակումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն ԵՊՀ-ի, այլև Հայաստանի գիտական համայնքի համար՝ ընդգծելով հայ հետազոտողների մասնակցությունը թվայնացման, աշխարհատարածական գիտության և միջազգային համագործակցության գլոբալ գործընթացներին։
«ISDE-ի գլխավոր քարտուղար դոկտոր Վանգ Չանգլինից անսպասելի նամակ ստացա, որով տեղեկացնում էր, որ ընտրվել եմ «Թվային Երկիր» միջազգային ընկերակցության խորհրդի անդամ։ Ե՛վ մեծ պատիվ է, և՛ լուրջ պատասխանատվություն միանալ մի խմբի, որը գործում է այնտեղ, որտեղ խաչվում են աշխարհատարածական գիտությունը, թվային նորարարությունն ու գլոբալ համագործակցությունը»,- նշեց Արտակ Փիլոյանը։
Վերջինս շնորհակալություն հայտնեց նաև Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Շտրոբլին՝ առաջադրման և միջազգային գիտական համայնքում ակտիվ ներգրավմանն աջակցելու համար։