ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ և «Sarajyan Trainings»-ի աջակցությամբ անցկացվեց մարքեթինգի և վաճառքների թեմայով վարպետության դաս, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել ոլորտի ժամանակակից մոտեցումները և փոխանցել կիրառելի մասնագիտական գիտելիքներ։
Վարպետության դասի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրական բիզնես փորձին, քննարկելու ոլորտի արդիական մարտահրավերները և ստանալու գործնական խորհուրդներ, որոնք կիրառելի կլինեն հետագա մասնագիտական գործունեության ընթացքում։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ոլորտի փորձառու մասնագետներ Ինգա Մուրադյանը և Հենրիկ Համբարձումյանը։
Վաճառքների բիզնես թրեյներ Ինգա Մուրադյանը ներկայացրեց վաճառքների կառավարման իր բազմամյա փորձը՝ անդրադառնալով վաճառքի հոգեբանությանը, արդյունավետ բանակցություններ վարելու սկզբունքներին և այն մեթոդներին, որոնք հնարավորություն են տալիս ստեղծելու չափելի արդյունքներ բիզնեսում։ Նրա ելույթում ընդգծվեց նաև արդյունավետ վաճառքի թիմերի ձևավորման և վաճառքային գործընթացների համակարգման կարևորությունը։
«Rare Marketing Space»-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Հենրիկ Համբարձումյանը ներկայացրեց ժամանակակից մարքեթինգային ռազմավարությունների ձևավորման առանձնահատկությունները՝ անդրադառնալով նաև նեյրո-մտածողության կիրառական մոտեցումներին։ Նա խոսեց միջազգային փորձի մասին և ներկայացրեց գործնական օրինակներ տարբեր բրենդների հետ համագործակցության շրջանակում։
Հանդիպմանը բանախոսները պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին: