«Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի շրջանակում «Հողային և անտառային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» դասընթացը կարևոր տեղ է զբաղեցնում ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորման գործընթացում՝ համադրելով տեսական գիտելիքները կիրառական հմտությունների հետ։ Այդ համատեքստում կազմակերպվեց դաշտային-գործնական դաս, որի նպատակն էր ապահովել ուսանողների անմիջական ներգրավվածությունը բնական ռեսուրսների մոնիթորինգի իրական գործընթացներին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ակտիվ մասնակցությամբ կազմակերպված դասն անցկացվեց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում՝ հնարավորություն տալով ուսանողներին աշխատելու բնական՝ մասնագիտական իրական պայմաններին մոտ միջավայրում:
Դաշտային աշխատանքի ընթացքում ուսանողները ծանոթացան հողային և անտառային ռեսուրսների մոնիթորինգի ժամանակակից մեթոդներին, տվյալների հավաքագրման և վերլուծության սկզբունքներին, ինչպես նաև կիրառվող սարքավորումներին և գործիքակազմին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց էկոհամակարգերի վիճակի գնահատման, շրջակա միջավայրի փոփոխությունների վերահսկման և կադաստրային տեղեկատվության ճշգրտման գործընթացներին։
Գործնական բաղադրիչը կարևոր դեր խաղաց ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման գործում: Նրանք հնարավորություն ունեցան մասնագետների ուղեկցությամբ կատարելու չափագրումներ, դիտարկումներ և նախնական վերլուծություններ։ Այսպիսի փորձառությունը նպաստում է տեսական գիտելիքների խորացմանը, ինչպես նաև ձևավորում է տվյալների հետ ինքնուրույն աշխատելու և մասնագիտական խնդիրներ լուծելու կարողություններ։
Դաշտային գործնական դասերը ժամանակակից կադաստրային կրթության անբաժանելի բաղադրիչն են: Դրանք, ըստ աշխատաշուկայի պահանջների, ապահովում են ուսանողների պատրաստվածությունը և խթանում են նրանց մասնագիտական կայացումը։



