Երկրաբանների օրն այս տարի հանդիսավորությամբ նշեց Հայաստանի երկրաբանների միությունը՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին, պետական կառույցների ներկայացուցիչներին և գիտական հանրույթին։
Հայաստանի երկրաբանների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումն աչքի էր ընկնում կազմակերպչական բարձր մակարդակով, արարողակարգային հանդիսավորությամբ և բովանդակային հագեցվածությամբ։ Այն ևս մեկ անգամ ընդգծեց երկրաբանի մասնագիտության անգնահատելի դերն ու նշանակությունը պետության կայուն զարգացման գործընթացում։
Պետական պաշտոնական մարմիններն ու ոլորտի պատասխանատուները օրվա ընթացքում հնչեցրին շնորհավորական ուղերձներ՝ ընդգծելով երկրաբանության ռազմավարական կարևորությունը երկրի բնական ռեսուրսների կառավարման և տնտեսական զարգացման համատեքստում։
Հատկանշական էր նաև Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի ելույթը, որն իր խոսքում կարևորեց ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը, գիտության շարունակական զարգացումը և երկրաբանների՝ ապագայի հանդեպ պատասխանատվությունը։
Միջոցառման ավարտը նշանավորվեց հուշագրերի կնքման հանդիսավոր արարողություններով, որոնք միտված են ոլորտի զարգացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Բացի այդ՝ միջոցառման շրջանակում տեղի ունեցավ պատվոգրերի հանձնման արարողություն՝ արժևորելով երկրաբանների նվիրված աշխատանքը և մասնագիտական նշանակալի ներդրումը։
Երկրաբանների օրը վերածվեց մասնագիտական կարևոր հարթակի՝ ոլորտի ներկա խնդիրների քննարկման, փորձի փոխանակման և ապագայի զարգացման ուղիների նախանշման համար։






