Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները ս․թ․ ապրիլի 22-24-ը մասնակցել են Գերմանիայում տեղի ունեցած գինու զբոսաշրջության վերաբերյալ «7th Culinary and Wine Tourism Conference» միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովը կազմակերպվել էր Վորմսի կիրառական գիտությունների համալսարանի նախաձեռնությամբ և Հարցի կիրառական գիտությունների, IU միջազգային, Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանների հետ համագործակցությամբ։
Գիտաժողովը կազմակերպվում է 2012 թվականից տարբեր համալսարաններում, երկու տարին մեկ անգամ՝ նպատակ ունենալով համախմբելու զբոսաշրջության ոլորտի մասնագետներին ու հետազոտողներին և քննարկելու գինու զբոսաշրջությանը վերաբերող տեսական և կիրառական հարցեր։
Համալսարանականներից գիտաժողովին մասնկացել են Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, սերվիսի ամբիոնի դոցենտ, ա.գ.թ. Գոռ Ալեքսանյանը և սերվիսի ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Սեյրան Սուվարյանը։ Գիտաժողովին մասնակցում էին շուրջ երեսուն հետազոտողներ ավելի քան տասը համալսարաններից և զբոսաշրջային ինդուստրիայի կազմակերպություններից։
Քննարկվող թեմաները բազմազան էին և վերաբերում էին զբոսաշրջության, մասնավորապես գինու և գաստրոզբոսաշրջության մարքեթինգային, կառավարչական, կազմակերպչական, տարածական զարգացման, ինչպես նաև տեսական և կիրառական տարբեր հարցերի։
Գ. Ալեքսանյանը և Ս. Սուվարյանը գիտաժողովում հանդես են եկել «Գինու աշխարհաքաղաքականություն․ Հայաստանի գինու զբոսաշրջությունը ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում» վերնագրով գիտական աշխատանքի զեկուցմամբ, որի շրջանակում առաջարկել են գինու աշխարհաքաղաքական կշռի և գինու զբոսաշրջության աշխարհաքաղաքական նշանակության որոշման ինդեքսներ։ Այդ ինդեքսների միջոցով հնարավոր է ցույց տալ տարբեր երկրների գինու ինդուստրիայի և գինու զբոսաշրջության աշխարհաքաղաքական դերը և կատարել դրանց համեմատական վերլուծություն։ Մասնավորապես, առաջարկված ինդեքսների շրջանակում ներկայացվել է Հայաստանի գինու ինդուստրիայի և գինու զբոսաշրջության աշխարհաքաղաքական դերը՝ շեշտադրելով Հայաստանի տեղը գինու զբոսաշրջության ռեգիոնալ և գլոբալ լանդշաֆտում։
Ի լրումն գիտաժողովի ակադեմիական արդյունքների՝ ընթացքում թարմացվել են Վորմսի և Յադեյի կիրառական համալսարանների հետ գոյություն ունեցող փոխհարաբերությունները, հաստատվել են նոր կապեր մասնակից այլ համալսարանների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ եղած հնարավորությունների սահմաններում կազմակերպելու ուսանողների և դասախոսների փոխանակումներ, նպաստելու համատեղ հետազոտական աշխատանքների կատարմանը, ինչպես նաև քննարկվել են հետագայում այս գիտաժողովը ԵՊՀ-ում կազմակերպելու հնարավորությունները։
ԵՊՀ ներկայացուցիչների մասնակցությունը գիտաժողովին ֆինանսավորվել է Երևանի պետական համալսարանի և «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի կողմից։