ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Տիգրան Սարգսյանը ս.թ. ապրիլի 20-ից մայիսի 4-ը դասախոսություններով հանդես եկավ Բուդապեշտում (Հունգարիա) և Վիլհելմսհաֆենում (Գերմանիա):
Էտվյոշ Լորանդ համալսարանում (Բուդապեշտ) «Էրազմուս+» ծրագրի շրջանակում անցկացված դասախոսությունների շարքը նվիրված էր լեռնային երկրների կայուն զարգացման հնարավորություններին և հիմնախնդիրներին՝ ՀՀ օրինակով: Ունկնդիրների թվում էին ուսանողներ Հունգարիայից և եվրոպական այլ երկրներից, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Դասախոսություններն ուղեկցվում էին ակտիվ հարցուպատասխաններով և քննարկումներով:
Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանի և Էտվյոշ Լորանդ համալսարանի միջև համագործակցությունն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում շուրջ 2 տարվա պատմություն ունի։ Այդ ընթացքում երկու բուհերի աշխարհագրության մասնագիտական ոլորտի դասախոսներն ու ասպիրանտները կատարել են փոխադարձ այցելություններ, ամրապնդել միջբուհական ու միջմասնագիտական կապերն ու հետագա համագործակցության հնարավորությունները:
Յադեի կիրառական գիտությունների համալսարանի (Վիլհելմսհաֆեն) հետ Երևանի պետական համալսարանի համագործակցությունը սկիզբ է առել 2012-ին՝ ԵՄ «TEMPUS-SuToMa» («Sustainable Tourism Management»` «Զբոսաշրջության կայուն կառավարում») նախագծի շրջանակում:
Այս տարի գերմանական բուհում կազմակերպված «Միջազգային շաբաթ-2026» միջոցառման շրջանակում դոցենտ Տիգրան Սարգսյանը՝ որպես հրավիրված դասախոս, ներկայացրեց աշխարհագրական միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունը՝ ՀՀ-ում զբոսաշրջության կայուն զարգացման համատեքստում: Եվրոպական տարբեր երկրներից ժամանած ուսանողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ՀՀ աշխարհագրական առանձնահատկությունների, զբոսաշրջային գրավչությունների և մշակութային ժառանգության տարբեր հայեցակետերի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաև Երևանի պետական համալսարանում իրականացվող փոխանակման ծրագրերը, քննարկվեցին միջմասնագիտական կապերի զարգացման հնարավորությունները: