Իրագործվեց Հայաստանի և Վրաստանի գեոզբոսաշրջային ռեսուրսների ուսումնասիրությանը նվիրված միջսահմանային ակադեմիական նախաձեռնության հերթական փուլը:
Վիշեգրադյան միջազգային հիմնադրամից ֆինանսավորվող «Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» խորագրով միջազգային նախագծի շրջանակում ընթացիկ տարվա հուլիսի 27–31-ը Հայաստան և Վրաստան էին այցելել Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) գործընկերները՝ պրոֆեսորներ Քրիստոֆ Լաբուսը և Մալգոժատա Լաբուսը։ Նրանք հուլիսի 27–29-ն ընկած ժամանակահատվածն անցկացրել են Հայաստանում, իսկ հուլիսի 30–31-ը՝ Վրաստանում:
Այցի նպատակն էր վերջնականորեն մշակել գեոժառանգության օբյեկտների զբոսաշրջային նկարագրության մեթոդաբանական շրջանակը և կատարել նախապես ընտրված օբյեկտների դաշտային ուսումնասիրություններ:
Այցի առաջին հատվածի գիտատեսական աշխատանքները կազմակերպվել են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, որին մասնակցել են ինչպես լեհ պրոֆեսորները, այնպես էլ նախագծի ղեկավար, դոցենտ Գոռ Ալեքսանյանը և Սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեյրան Սուվարյանը, նախագծի գործընկեր Վրաստանի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Նոդար Պոպորաձեն և դոցենտ Օլգա Սեսկուրիան։
Այցի դաշտային հետազոտական հատվածը կազմակերպվել է հուլիսի 28–31-ը։ Այս ընթացքում մասնակիցներն այցելել են Հայաստանի և Վրաստանի գեոժառանգության օբյեկտներ՝ մշակված մեթոդական շրջանակի հիման վրա հավաքելով անհրաժեշտ տեղեկույթ և ծանոթանալով տարածաշրջանում գեոզբոսաշրջության ներուժին, խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։
Այցի շրջանակում քննարկվել են ինչպես նախագծի իրականացման հետագա քայլերը, գործողություններն ու վերջնաժամկետները, այնպես էլ կազմակերպչական այլ հարցեր։
















