Մասնագիտության ընտրությունը հաճախ սկսվում է հետաքրքրությունից, որը ժամանակի ընթացքում վերածվում է հստակ նպատակի: Պատմության ֆակուլտետի բակալավրիատի ծրագրերը՝ «Պատմություն», «Կովկասագիտություն», «Հնագիտություն և ազգագրություն», «Մշակութաբանություն» և «Արվեստաբանություն», առաջարկում են տարբեր ուղղություններով խորանալու հնարավորություն՝ պատմական գործընթացներից և հասարակությունների զարգացումից մինչև մշակույթի, արվեստի ու նյութական ժառանգության ուսումնասիրություն։
Ի՞նչն է այսօր երիտասարդներին բերում պատմագիտության ոլորտ, և ինչպե՞ս են նրանք պատկերացնում իրենց ապագան։ Այս մասին պատմում են ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրերում այս տարվա ամենաբարձր միավորներ հավաքած հինգ ուսանողները՝ խոսելով իրենց հետաքրքրությունների, ընտրության և նպատակների մասին։
«Սիրում եմ արվեստը՝ հատկապես երգը, պարը, թատրոնը: Ընտրելով «Մշակութաբանությունը»՝ ցանկացել եմ այդ հետաքրքրություններս կապել ապագա մասնագիտությանս հետ: Ինձ հետաքրքրում են ինչպես հայկական մշակույթն ու ավանդույթները, դրանց պահպանումը, այնպես էլ տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությունները։ Ցանկանում եմ խորությամբ ուսումնասիրել մշակույթի տարբեր դրսևորումները, հասկանալ դրանց նշանակությունը հասարակության մեջ և իմ հետաքրքրությունները վերածել մասնագիտական գիտելիքների»,- պատմում է «Մշակութաբանություն» կրթական ծրագրի ուսանող Հասմիկ Սարգսյանը։
Խոսելով մասնագիտական ակնկալիքների մասին՝ Հասմիկն ընդգծում է․ «Կարծում եմ՝ մշակութաբանությունը ինձ կօգնի ընդլայնել աշխարհայացքս, ձեռք բերել հիմնավոր գիտելիքներ և նոր տեսանկյունից ընկալել աշխարհը։ Այս մասնագիտությունը նաև կզարգացնի հետաքրքրասիրությունս ու կօգնի էլ ավելի գնահատել մեր ազգային մշակույթը»։
«Կովկասի պատմության, քաղաքականության և մշակույթի նկատմամբ հետաքրքրությունս ձևավորվել է հատկապես մեր տարածաշրջանի բարդ ու բազմաշերտ էությունից։ Կովկասը պարզապես աշխարհագրական տարածք չէ, այլ տարբեր ժողովուրդների, մշակույթների և պատմական ճակատագրերի հատման յուրահատուկ միջավայր է։ Ինձ հատկապես հետաքրքրում են տարածաշրջանի քաղաքական գործընթացները, ազգային ինքնության և հակամարտությունների հարցերը, ինչպես նաև հայ ժողովրդի պատմության ու Կովկասի ընդհանուր պատմության փոխկապակցվածությունը։ Հենց այս ձգտումն ինձ բերեց Պատմության ֆակուլտետ»,- նշում է «Կովկասագիտություն» կրթական ծրագրի ուսանող Սոֆիկ Վարդանյանը։
Ուսանողուհին Պատմության ֆակուլտետում ցանկանում է ոչ միայն գիտելիք ստանալ, այլև զարգացնել մասնագիտական մտածողություն․ «Ուզում եմ ձեռք բերել այնպիսի գիտելիք, որը թույլ կտա ոչ միայն մեր պատմությունը իմանալ, այլև կարողանալ պաշտպանել մեր դիրքորոշումը փաստերով, ուսումնասիրել ու ներկայացնել մասնագիտական մակարդակով։ Ցանկանում եմ խորությամբ ուսումնասիրել Կովկասի պատմությունն ու քաղաքականությունը, տիրապետել տարածաշրջանի լեզուներին և ժամանակի ընթացքում դառնալ այնպիսի մասնագետ, որը կարող է իր գիտելիքով հասկանալ ու ներկայացնել Հայաստանի շահերն ու խնդիրները»։
«Հետաքրքրությունս հնագիտության նկատմամբ ձևավորվեց մեկ տարի առաջ, երբ առաջին անգամ մասնակցեցի Երվանդունիների ժամանակաշրջանի հնավայրի պեղումներին։ Այդ ժամանակ իմ մեջ արթնացավ ազգային հնությունները գտնելու, ուսումնասիրելու և հետազոտելու մեծ ցանկություն։ Անգամ փոքրիկ խեցեղենի կտորներ գտնելը, այդ մեծարժեք իրերին դիպչելն ինձ համար Հայաստանի ու հայ ժողովրդի դարավոր անցյալի անհերքելի ապացույցն էր»,- պատմում է «Հնագիտություն և ազգագրություն» ծրագրի ուսանող Անահիտ Խաչատրյանը։
Նա բուհական ուսումնառությունը սկսում է մեծ ակնկալիքներով․ «Ցանկանում եմ իմ մեջ բացահայտել հնագետին անհրաժեշտ որակները, ստանալ խոր գիտելիքներ, որպեսզի մասնագիտությունս ծառայեցնեմ իմ երկրի պատմական անցյալի բացահայտմանը, ազգային-մշակութային արժեքների վերհանմանը, ինչպես նաև տարբեր երկրներում մասնակցել հնագիտական աշխատանքների»։
«Պատմություն» մասնագիտության ուսանող Գոհարիկ Սիմոնյանի խոսքով՝ մասնագիտության ընտրության հարցում կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի անցյալը խորությամբ ուսումնասիրելու ցանկությունը։
«Այս մասնագիտությունը կօգնի ավելի խորությամբ ուսումնասիրել մեր ժողովրդի անցյալը, ճանաչել մեր մշակույթը և պատմական ժառանգությունը։ Ուսումնասիրելով պատմությունը՝ կարող եմ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը և գնահատել անցյալի կարևորությունը»,- ասում է Գոհարիկը։
Խոսելով հետազոտական հետաքրքրությունների մասին՝ նա առանձնացնում է Տիգրան Մեծի ժամանակաշրջանը․ «Եթե հնարավորություն ունենայի, խորությամբ կուսումնասիրեի Տիգրան Մեծի կառավարման շրջանը՝ հասկանալու, թե ինչպես կարողացավ հզորացնել երկիրը, կուսումնասիրեի նրա վարած քաղաքականությունը, ռազմական հաջողությունների գրավականները և նրա դերը հայոց պատմության մեջ։ Կցանկանայի նաև ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի մշակույթը, տնտեսությունն ու հասարակական կյանքը։ Այդ ամենը կօգներ ամբողջական պատկերացում կազմել Տիգրան Մեծի դարաշրջանի և նրա թողած պատմական ժառանգության մասին»։
«Ավագ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը նկատել էին իմ հետաքրքրությունը արվեստի նկատմամբ և ուղղորդել ինձ դեպի այս բաժինը։ Դպրոցում եմ տեղեկացել արվեստաբանի մասնագիտության մասին: Այնուհետև սկսեցի այցելել թանգարաններ և ցուցահանդեսներ, կատարել կամավորական աշխատանքներ։ Ինձ հատկապես հետաքրքրել է արվեստի գործիչների հետ աշխատելու և արվեստի գործերն ուսումնասիրելու հնարավորությունը»,- պատմում է «Արվեստաբանություն» կրթական ծրագրի ուսանող Իրինա Շահբազյանը։
Իրինան կարևորում է արվեստաբանի դերը հատկապես մարդկանց միջև կապ ստեղծելու տեսանկյունից. «Արվեստաբանը ստեղծում է կապ մարդկանց միջև, որը համակարգիչը երբեք չի կարողանա անել։ Որքան էլ 21-րդ դարում զարգանում է տեխնիկան, և շատ մասնագիտություններ կորցնում են իրենց արդիականությունը, արվեստը (որը կապում է մարդկանց ու ժամանակները) կհարատևի։ Միշտ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան ստեղծագործել, և միշտ կլինեն մարդիկ, որոնց դա կհետաքրքրի»,- նշում է նա։
Այս երիտասարդների պատմությունները ցույց են տալիս, որ պատմագիտական կրթության ընտրության հիմքում կարող են լինել տարբեր հետաքրքրություններ՝ արվեստից ու մշակույթից մինչև տարածաշրջանային գործընթացներ, հնագիտական բացահայտումներ և Հայոց պատմության խոր ուսումնասիրություն։ Նրանց միավորում է ձգտումը՝ գիտելիքը մասնագիտական ուղու վերածելու և այն հետագայում կիրառելու նպատակով։ Պատմության ֆակուլտետը նրանց համար ոչ միայն անցյալն ուսումնասիրելու, այլև մասնագիտական մտածողություն ձևավորելու, հետազոտելու և իրենց գիտելիքը հասարակությանն ու երկրին ծառայեցնելու հնարավորություն է։