Ս.թ. մայիսի 17-ին և 18-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի հիսունվեց ուսանողներ կամավորության սկզբունքով մասնակցեցին Երևանի և մարզերի մի շարք թանգարաններում անցկացված «Թանգարանների գիշեր» միջոցառմանը՝ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
Ամեն տարի կազմակերպվող այս միջոցառումը նպատակ ունի բարձրացնելու հասարակության մշակութային գիտակցությունը և խթանելու թանգարանների դերը հանրային կրթության և գիտելիքի տարածման կարևոր գործում։ Միջոցառման շրջանակում անցկացվում են ցուցադրություններ, իրականացվում ինտերակտիվ ծրագրեր, կրթական սեմինարներ և մասնագիտական հանդիպումներ, որոնք նպաստում են մշակութային արժեքների պահպանմանը և հանրային մասնակցության ընդլայնմանը։
Պատմության ֆակուլտետը տարիներ շարունակ կարևորում է թանգարանագիտության և թանգարանային գործի դասավանդումը, ինչպես նաև թանգարաններում մասնագիտական պրակտիկան՝ որպես ուսանողների մասնագիտական պատրաստվածության առանցքային բաղադրիչ։ Թանգարանային միջոցառումներին ուսանողների մասնակցությունը նպաստում է նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև խթանում է ֆակուլտետի և թանգարանների միջև արդյունավետ համագործակցությունը։
Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն ներգրավվել են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մի շարք հեղինակավոր թանգարանների աշխատանքներում, որոնց թվում էին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Մատենադարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Օրբելի եղբայրների ու Պերճ Պռոշյանի տուն-թանգարանները և այլն։

Մատենադարանում կամավորություն իրականացրած Կովկասագիտություն մասնագիտությամբ ուսանող Էլիզաբեթ Գաբրիելյանի խոսքով՝ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տվել ավելի վստահ հանդես գալու այցելուների հետ շփման ընթացքում։
«Միջոցառման ընթացքում կարողացա կիրառել ձեռք բերած տեսական գիտելիքներս։ Միաժամանակ ամրապնդեցի մասնագիտական հմտություններս՝ աշխատելով այցելուների հետ, անհրաժեշտության դեպքում ներկայացնելով ցուցադրությունները։ Մատենադարանում կատարած աշխատանքն ինձ համար ոչ միայն հետաքրքիր, այլև մասնագիտական տեսանկյունից զարգացման կարևոր հնարավորություն էր»,- ասաց նա։
Պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» մասնագիտության ուսանող Կարինե Հովհաննիսյանը, որը կամավորական աշխատանք է կատարել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, նշեց․ «Նախապես տեղեկացված լինելով առաջիկա անելիքներից՝ նախապատրաստվել էինք, քանի որ միջոցառման ընթացքում մենք հանդես էինք գալիս ոչ միայն որպես թանգարանի ներկայացուցիչներ, այլև որպես Պատմության ֆակուլտետի ուսանողներ։ Փորձել ենք ցուցաբերել պատասխանատվություն ու նախաձեռնողականություն՝ առավելագույնս նպաստելով թանգարանի և միջոցառման հաջող ընթացքին: Այդ հարցում մեծ դեր ունեցան մի շարք մասնագիտական դասընթացներ, որոնք անցել ենք ֆակուլտետում»։

Նույն թանգարանում կամավոր աշխատանք կատարած Քնարիկ Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ «Թանգարանների գիշեր»-ը լավ հնարավորություն է ոչ միայն մասնագիտական հմտությունները կիրառելու, այլև արվեստը հասարակության ընկալման դիտանկյունից դիտարկելու համար։ Քնարիկ Հովհաննիսյանն ասաց. «Խորհուրդ կտամ ուսանողներին չվարանել և անպայման մասնակցել այս նախաձեռնությանը։ Այդ երեկոն թանգարանում անցկացնելը հնարավորություն է տալիս ոչ միայն ներսից ծանոթանալու թանգարանի աշխատանքին, այլև տեսնելու, թե ինչպես է հանրությունն արձագանքում արվեստին»։
«Պատմություն» մասնագիտության ուսանող Ալլա Գասպարյանը կամավորություն է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։
«Ֆակուլտետից տեղեկացա, որ որպես կամավոր կարող եմ ներգրավվել «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և սիրով միացա նախաձեռնությանը։ Այսպիսի նախաձեռնություններն անկասկած կարևոր են, քանի որ ուսանողներին հնարավորություն են տալիս գործնականում կիրառելու իրենց գիտելիքներն ու ձեռք բերելու արժեքավոր փորձ։ Հուսով եմ՝ առաջիկա տարիներին ևս կմասնակցեմ նման ծրագրերի»,- ընդգծեց Պատմության ֆակուլտետի ուսանողը:
Ուսանողներն աջակցել են այցելուների ընդունելությանը, ցուցադրությունների մեկնաբանությանը, էքսկուրսիաներ անցկացնելուն, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցերում։ Թանգարանների ներկայացուցիչների դրական արձագանքները փաստում են, որ նրանց ակտիվ և պատասխանատու մասնակցությունը մեծապես նպաստել է միջոցառման հաջողությանը և արդյունավետ անցկացմանը։