Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի առաջին կուրսի ուսանողները։
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց և բարի գալուստ մաղթեց Պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը: Իր խոսքում ֆակուլտետի դեկանն ընդգծեց. «Ձեր ընտրած մասնագիտություններն այսօր ավելի քան կարևոր են, քանի որ մեր ֆակուլտետն իր հարուստ ուղու ընթացքում միշտ եղել է այն հիմնասյուներից մեկը, որը ձևավորել է մեր պետության և հասարակության բովանդակությունը։ Առաջիկա տարիների ընթացքում դուք հնարավորություն կունենաք յուրացնելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այդ բովանդակությունը ձևավորելու համար։ Ձեր հիմնական առաքելությունը սովորելն ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելն է։ Պատմության ֆակուլտետը պատրաստ է ամեն կերպ աջակցելու ձեզ, որ ուսումնառությունն ավարտելիս կարողանաք ավելի ամուր և պատասխանատու քայլերով առաջ շարժվել ձեր մասնագիտական ուղով»։
Միջոցառման ընթացքում առաջինկուրսեցիներին ներկայացվեցին կրթական ծրագրերը, ուսումնառության հիմնական սկզբունքները, ուսումնագիտական գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդներն ու թվային գործիքները։
Միջոցառմանը ներկա էին ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և Պատմության ֆակուլտետի գրասենյակի աշխատակիցները։