Ս․թ․ սեպտեմբերի 22-28-ը Մալթայում անցկացված ուժային եռամարտի միջազգային մրցաշարում («Bench Press» վարժաձևում) Հայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Կովկասագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գրիգոր Ղահրամանյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։
Գրիգոր Ղահրամանյանի հաջողությունը վկայում է ոչ միայն նրա անձնական հետևողականության և աշխատասիրության, այլև Պատմության ֆակուլտետի ուսանողների բազմակողմանի հետաքրքրությունների և նախաձեռնողականության մասին։

Մրցաշարից հետո կայացած զրույցում Գրիգորը պատմեց իր հաջողության ճանապարհի, հանդիպած դժվարությունների և առաջիկա ծրագրերի մասին:
«Մրցաշարն ընթացել է սպասվածից լավ, սակայն բարդ էր այն առումով, որ չեմ մասնակցել իմ մշտական քաշային կարգում: Մրցել եմ ինձնից ավելի ծանր քաշային կարգի և առավել փորձառու մրցակիցների հետ: Այս պարագայում մարտահրավերն ավելի մեծ էր: Սա իմ առաջին միջազգային մրցաշարն էր, որտեղ հանդիպեցի արտասահմանցի մարզիկների։ Միշտ հետաքրքիր էր հասկանալ՝ նրանք ինչպես են պարապում, ինչ մեթոդներ են կիրառում: Ես փորձում էի համեմատել իմ ու նրանց փորձը»,- նշեց նա։
Գրիգորն ուժային եռամարտով սկսել է զբաղվել 2018 թվականից։ Հիշում է, որ իր ծառայության տարիներին Արցախում մարզվելու պայմանները շատ սահմանափակ էին, իսկ շրջափակման պայմաններում մարզիչն իր անձնական ավտոտնակը վերածել էր մարզասրահի։
2024 թվականին նա մասնակցել է Հայաստանի առաջնություններին՝ նվաճելով երկու արծաթե մեդալ, իսկ 2025 թվականի ապրիլի 28-ին կայացած Հայաստանի ուժային եռամարտի առաջնությունում դարձել է հաղթող։ Այժմ նա պատրաստվում է իր քաշային կարգում սահմանել նոր ռեկորդ (ներկայումս ռեկորդը 530 կգ է)։
Ծառայությունն ավարտելուց հետո մարզիկը գիտակցված ընտրել է «Կովկասագիտություն» մասնագիտությունը, քանի որ տիրապետում է ադրբեջաներենին և ցանկանում է ուսումնառության ընթացքում խորացնել նաև լեզվական գիտելիքները։ Գ. Ղահրամանյանի գիտական հետաքրքրությունները ներառում են տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանին վերաբերող հարցերը։
«Հաշվի առնելով, որ պատմության ֆակուլտետի ուսանող եմ և գիտեմ իմ հայրենիքի պատմությունը, սովորել եմ հավատարիմ մնալ իմ կամքին ու ամուր կանգնած մնալ։ Մասնագիտությունն օգնել է իմ մտածողության ձևավորմանը»,- ասում է Գրիգորը։
Ներկայումս Գ. Ղահրամանյանը փորձում է համատեղել ուսումը, աշխատանքը և մարզումները. «Սպորտն ինձ օգնում է հանգստանալ, կենտրոնանալ և սահմանել կարգապահություն նաև ուսման ընթացքում»,- հավելեց մարզիկը։
Գրիգորի վերջնական նպատակն է ուսումն ավարտելուց հետո աշխատել իր մասնագիտությամբ և մասնակցել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին՝ նվաճելով արծաթե և ոսկե մեդալներ։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները շնորհավորում են Գրիգոր Ղահրամանյանին միջազգային մրցաշարում ունեցած հաջողության համար և մաղթում նոր ձեռքբերումներ ինչպես ուսման, այնպես էլ սպորտի ոլորտում։