ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ ս․թ․ նոյեմբերի 29-30-ը Ծաղկաձորի ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում անցկացվեց «Դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից, ինտերակտիվ և տեխնոլոգիապես հագեցած մեթոդների ներդրում» թեմայով երկօրյա սեմինար: Միջոցառմանը մասնակցում էին Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ասպիրանտներ։ Սեմինարը անցկացրեց ԵՊՀ դասախոս և կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Առաջին օրը քննարկվեցին կրթության և արհեստական բանականության դարաշրջանում դասավանդման մարտահրավերները: Մասնակիցները ծանոթացան ավանդական և ինտերակտիվ դասախոսության մոտեցումներին, յուրացրին ինտերակտիվ դասախոսության հմտությունները, հետազոտեցին հարցերի տեսակներն ու բարելավման մեթոդները, ծանոթացան «Mentimeter» թվային գործիքի օգտագործման հնարավորություններին:
Երկրորդ օրը ներկայացվեցին դեպքերի ուսումնասիրությունը և սիմուլյացիոն մեթոդները, «Մտածող 6 գլխարկների» մեթոդի գործնական կիրառության և թվային գործիքների, այդ թվում՝ «Padlet»-ի, «PollEverywhere»-ի և «Tricision»-ի ուսուցման առանձնահատկությունները։
Սեմինարը նպաստեց մասնակիցների գործնական հմտությունների զարգացմանը դասավանդման և գնահատման ժամանակակից, տեխնոլոգիական առաջադեմ մոտեցումների կիրառման միջոցով:
Ուսումնասիրված թվային գործիքները և ինտերակտիվ մեթոդները կարևոր քայլ են կրթության դաշտի տեխնոլոգիական զարգացումների ինտեգրման և պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման ճանապարհին:
Պատմության ֆակուլտետը հետագայում ծրագրում է շարունակել նմանատիպ սեմինարների կազմակերպումը՝ նոր հնարավորություններ ստեղծելով կրթության որակը բարձրացնելու և ուսանողների համար առավել ներգրավող ուսումնական միջավայր ապահովելու համար:









