Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է հայրենաճանաչության ծրագիր, որի նպատակն է Երևանի դպրոցների 7–9-րդ դասարանների աշակերտներին ներկայացնել մայրաքաղաքի պատմական, մշակութային և ճարտարապետական արժեքավոր կառույցները։
Ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն տրվեց ուսումնասիրելու քաղաքն ու անձնական փորձառությամբ հասկանալու Երևանի կառուցվածքային պատմական շերտերը, որոնք պահանջում են շարունակական ճանաչում ու գնահատում։
Ծրագրի ամփոփիչ միջոցառումն այս տարի կազմակերպվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ինչը լավ հնարավորություն էր ծրագրի արդյունքները գիտական միջավայրում ներկայացնելու և աշակերտներին ուսումնագիտական հետաքրքրությունների զարգացման տեսանկյունից մոտիվացնելու առումով: Միջոցառման վայրը՝ «Սև շենքը», խորհրդանշական էր, քանի որ այն ևս Երևանի պատմության կարևոր էջերից է. մայր բուհը Ալեքսանդրապոլում մի շրջան գործելուց հետո այստեղ է շարունակել իր գործունեությունը:
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին, ընդգծեց, որ նախագծային ուսումնասիրությունների ընթացքում աշակերտները նորովի են բացահայտել Երևանի պատմությունը՝ այդպիսով խորապես գիտակցելով քաղաքի պատմական ժառանգության բազմաշերտությունը։
Դեկանն աշակերտներին ներկայացրեց նաև Պատմության ֆակուլտետի բակալավրիատական ծրագրերը՝ կարևորելով այն հանգամանքը, որ պատմության, մշակույթի և պետականության ուսումնասիրությունը ոչ միայն գիտական հետաքրքրություն է, այլև ժամանակակից աշխարհում ուժեղ և մրցունակ լինելու նախապայման: Նա հորդորեց աշակերտներին դիտարկել ֆակուլտետը որպես ապագա ուսումնառության հնարավորություն և վստահեցրեց, որ Պատմության ֆակուլտետի դռները մշտապես բաց են դպրոցականների առաջ, իսկ պրոֆեսորադասախոսական համակազմը պատրաստ է իր գիտելիքներով և փորձառությամբ աջակցելու նոր սերնդին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով Պատմության ֆակուլտետի վարչական անձնակազմին ծրագիրն ամփոփելու հնարավորության համար, ընդգծեց, որ աշակերտների և ուսուցիչների դիտարկումները կարևոր նշանակություն ունեն ծրագրի հետագա արդյունավետ կազմակերպման համար: Մ. Խաչատրյանը հավելեց նաև, որ ծրագրի շրջանակում ոչ միայն ճանաչել են մայրաքաղաքի պատմությունը, այլև հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց նախագծային աշխատանքի արդյունքները։
Ծրագիրն իրականացվել է Երևանի շուրջ 20 դպրոցների աշակերտների մասնակցությամբ, որոնք այցելել են պատմական և մշակութային վայրեր և իրականացրել հանրակրթության պետական չափորոշիչներով սահմանված նախագծային աշխատանքներ:
Երկու մասից բաղկացած միջոցառման առաջին հատվածում աշակերտները տարբեր ձևաչափերով ներկայացրին նախագծային աշխատանքները, իսկ երկրորդ մասում խմբային քննարկումների միջոցով տեղի ունեցավ փորձի փոխանակում, կատարվեց դիտարկումների հավաքագրում՝ ի նպաստ ծրագրի հետագա կատարելագործման։
Միջոցառման ավարտին Պատմության ֆակուլտետի դեկանն աշակերտներին նվիրեց գրքեր՝ խրախուսելով նրանց հետագա հետաքրքրությունը Երևանի պատմության և մշակութային ժառանգության նկատմամբ:
Նմանօրինակ նախաձեռնությունները մեծապես նպաստում են երիտասարդների ներգրավվածությանը, պատասխանատվության բարձրացմանը և հայրենի քաղաքի պատմության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:




