ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողների համար «Ժամանակակից Վրաստան» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ու պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ընդգծեցին նմանօրինակ միջոցառումների կարևորությունը որպես ուսանողների համար մասնագիտական գիտելիքների խորացման և արդիական թեմաների շուրջ քննարկումների արժեքավոր հնարավորություն:
Գիորգի Շարվաշիձեն ներկայացրեց ժամանակակից Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների ընդհանուր պատկերը։ Նա անդրադարձավ Հարավային Կովկասում անվտանգության, համագործակցության և զարգացման հիմնական մարտահրավերներին՝ ընդգծելով տարածաշրջանային փոխգործակցության կարևորությունը։
Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ քննարկումով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու դեսպանի մեկնաբանությունները։ Միջոցառումը կարևոր հնարավորություն էր ուսանողների համար՝ խորացնելու իրենց գիտելիքները տարածաշրջանային ժամանակակից գործընթացների վերաբերյալ։
Միջոցառման ավարտին նշվեց, որ առաջիկա տարում նախատեսվում է ընդլայնել երկկողմ համագործակցությունը Պատմության ֆակուլտետի և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության միջև: Այդ համատեքստում կկազմակերպվեն կրթագիտական նոր միջոցառումներ։


