ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի հայցորդ Բաբկեն Ղազարյանը հանդես եկավ «Հայերը Վրաստանում 1920-1930-ական թվականներին (պատմաժողովրդագրական համատեքստ)» թեմայով զեկուցմամբ, որի ընթացքում ներկայացվեցին Վրաստանում հայ բնակչության ձևավորման և տեղաբաշխվածության առանձնահատկությունները՝ պատմական խորքից մինչև խորհրդային շրջանի առաջին տասնամյակները։
Թեմայի ուսումնասիրության կարևորությունը պայմանավորված է Վրաստանի տարածքում հայ բնակչության բազմադարյա ներկայությամբ, ինչպես նաև պատմական տարբեր փուլերում ձևավորված բնակեցման ու տեղաբաշխվածության առանձնահատկություններով, որոնք զգալի ազդեցություն են ունեցել տարածաշրջանի ժողովրդագրական և մշակութային զարգացումների վրա։
Բ․ Ղազարյանը ներկայացրեց 1926 թ․ համամիութենական առաջին մարդահամարի տվյալները: Ըստ այդմ՝ Վրաստանի բնակչությունը կազմել է 2․666․494 մարդ, իսկ հայ բնակչությունը՝ 307․018։ Նա ընդգծեց, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրվում է Վրաստանի բնակավայրերի էթնիկ կազմը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ներգրավվածությանը։
Ըստ բանախոսի՝ խորհրդային տարիների սկզբնական շրջանում հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները պայմանավորված են մի շարք պատմական և սոցիալ-քաղաքական գործոններով։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 1939 թ․ համամիութենական մարդահամարի տվյալներով հայերի թիվը Վրաստանում հասել է շուրջ 415 հազարի, մինչդեռ հանրապետության ընդհանուր բնակչության թվաքանակը էական փոփոխությունների չի ենթարկվել։
Զեկուցման շրջանակում քննարկվեցին նաև խորհրդային ազգային քաղաքականության ազդեցությունը ժողովրդագրական գործընթացների վրա և Վրաստանում ազգային հարցերի կարգավորման արդյունավետությունը։ ԵՊՀ հայցորդն ընդգծեց, որ պատմավիճակագրական և պատմաքննական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրվում են նաև վրաց պատմաբանների աշխատությունները, ժամանակի մամուլը և Վրաստանի ազգային արխիվի նյութերը, ինչը հնարավորություն է տալիս թեման ներկայացնել առավել ամբողջական և գիտականորեն հիմնավորված։
Զեկուցումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները թեմայի առանձին խնդիրների և ներկայացված մոտեցումների վերաբերյալ հարցեր ուղղեցին բանախոսին:
Նշենք, որ Բաբկեն Ղազարյանի գիտական ղեկավար պրոֆեսոր Էդուարդ Զոհրաբյանը և Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները տեսական և մեթոդաբանական բնույթի դիտարկումներ կատարեցին, որոնք հիմնարար նշանակություն ունեն հետազոտական աշխատանքի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից։


