ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի հայցորդ Օվսաննա Քարամյանը ներկայացրեց «Հովհաննես Մինասյանի՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի «Ռիթմեր» խճանկարը» թեմայով զեկուցում:
Անդրադարձ կատարվեց Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ճարտարապետական և գեղարվեստական առանձնահատկություններին՝ այն դիտարկելով որպես մոնումենտալ արվեստի և ճարտարապետության սինթեզի յուրահատուկ օրինակ։ Ամառային դահլիճը կոնստրուկտիվ առումով բարդ և հետաքրքիր համալիր է, որի անբաժանելի մասն է դարձել Հովհաննես Մինասյանի հեղինակած «Ռիթմեր» խճանկարը։
Օվսաննա Քարամյանը նշեց, որ խճանկարի աբստրակտ հորինվածքը հանդես է գալիս որպես տարածական ակտիվ տարր՝ շարունակելով շենքի ճարտարապետական մտահղացումը։ «Ռիթմեր» խճանկարը ներկայացվեց որպես աբստրակտ-տարածական «քարե գորգ», որն ստեղծվել է հունա-հռոմեական խճանկարի «օպուս տեսելատում» (Opus Tessellatum) տեխնիկայով։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Հովհաննես Մինասյանի կողմից ընտրված և մշակված քարերի, խեցիների, ինչպես նաև կապտականաչավուն և օխրադեղնավուն գունաշարի ներդաշնակ համադրությանը, որոնք ստեղծում են «քարացած երաժշտության» տպավորություն։
Բանախոսն ընդգծեց, որ Հովհաննես Մինասյանը Երևանի առաջին վերացական խճանկարի հեղինակն է։ Նա վերլուծվեց արվեստագետի ստեղծագործական մեթոդը՝ որպես «արվեստների համադրության» սկզբունքի գիտակցված կիրառություն, որի շրջանակում խճանկարը ոչ թե պարզապես զարդարում է ճարտարապետական միջավայրը, այլ դառնում դրա գաղափարական և տարածական շարունակությունը։
Բանախոսը շեշտեց, որ խճանկարի տեսողական լեզուն նպաստում է հավաքական հիշողության և քաղաքացիական ինքնության ձևավորմանը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերածելով իմաստավորված հանրային տարածքի։ ԵՊՀ հայցորդը ներկայացրեց նաև խորհրդային շրջանի մոնումենտալ արվեստի և հայկական մշակութային դիսկուրսի համատեքստում ինտեգրված գեղարվեստական մոտեցումների կարևորությունը։
Զեկույցի ներկայացումը ուսումնական միջավայրում նպաստեց թեմայի գիտական ընկալման խորացմանը՝ հնարավորություն տալով այն դիտարկելու մոնումենտալ արվեստի և ճարտարապետության փոխազդեցության համատեքստում։ Այն խթանեց մասնագիտական քննարկումները, ընդլայնեց ուսումնասիրվող նյութի վերլուծական շրջանակը։
Հավելենք, որ միջոցառմանը Հովհաննես Մինասյանի որդու մասնակցությունը հավելյալ գիտական և փաստագրական արժեք հաղորդեց քննարկմանը՝ ապահովելով ստեղծագործության վերաբերյալ հիշողության, ժամանակակից գիտական մեկնաբանության անմիջական ընկալում և որոշ վիճելի հարցերի ճշգրտում։



