Պատմության ֆակուլտետում մեկնարկել է Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին նվիրված ինտերակտիվ խաղ-մրցույթը, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի և Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներից կազմված թիմեր։ Մրցույթը միտված է պատմության և մշակութային ժառանգության հանրայնացմանը և դպրոցականների շրջանում հայոց պատմության նկատմամբ հետաքրքրության խթանմանը։
Նախաձեռնության շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն նորարարական և ինտերակտիվ ձևաչափերով բացահայտելու Կիլիկյան Հայաստանի պատմությունը, Հեթումյանների իշխանավարման շրջանի քաղաքական, մշակութային և պետականակերտ գործընթացները, ինչպես նաև խորացնելու իրենց գիտելիքները միջնադարյան հայկական պետականության վերաբերյալ։
Խաղ-մրցույթի թիմային խաղերի առաջին փուլին մասնակցել են քսանութ թիմեր Երևան քաղաքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և հանրապետության այլ մարզերի դպրոցներից ու միջին մասնագիտական կրթական հաստատություններից՝ ապահովելով ծրագրի լայն աշխարհագրություն և ակտիվ ներգրավվածություն։
Առաջին փուլի արդյունքներով հաղթող են ճանաչվել Երևանի Ս. Գևորգյանի անվան №189 ավագ դպրոցի, Երևանի №109 ավագ դպրոցի, Չարենցավան քաղաքի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի, Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի, Արագածավանի №1 միջնակարգ դպրոցի, Բալահովիտի Ի․ Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցի, Փարաքարի միջնակարգ դպրոցի, Ախուրյանի №2 հիմնական դպրոցի, Ալավերդու №12 հիմնական դպրոցի, Կոտայքի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջների թիմերը, որոնք կշարունակեն իրենց մասնակցությունը մրցույթի հաջորդ փուլերում։
Նշենք, որ լավագույն արդյունք ցուցաբերած և երկրորդ տեղը զբաղեցրած Գավառի Հ․ Թումանյանի անվան №3 հիմնական դպրոց և Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի թիմերը ևս հնարավորություն են ստացել մասնակցելու մրցույթի հաջորդ փուլին։
Խաղ-մրցույթի փուլերը ներառում են պատմագիտական հարցաշարեր, թիմային քննարկումներ, տրամաբանական առաջադրանքներ և պատմական իրադարձությունների վերարտադրման տարրեր, որոնք միաժամանակ նպաստում են մասնակիցների վերլուծական մտածողության, համագործակցային աշխատանքի և արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը։
Հատկանշական է, որ խաղ-մրցույթի կազմակերպական աշխատանքներում որպես կամավորներ ակտիվ ներգրավված են եղել նաև Պատմության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, որոնց մասնակցությունը կարևոր դեր է ունեցել նախաձեռնության արդյունավետ կազմակերպման և ընթացքի ապահովման գործում։
Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն պատմության ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման, դպրոց-բուհ կապի ամրապնդման և երիտասարդ սերնդի պատմական գիտակցության ձևավորման գործընթացում։
Նշենք, որ թիմային խաղերի հաջորդ փուլը տեղի կունենա ս․թ․ հունիսի 8-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում։















