ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասախոսություններով է հանդես եկել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի պրոֆեսոր, մարդաբան և փիլիսոփա Էդուարդո Ալվարես Պեդրոսյանը։
Բանախոսը Տրանսդիսցիպլինար փորձարարական ազգագրության լաբորատորիայի և դրա «Քաղաքային և տարածքային մշակութային ուսումնասիրությունների» ծրագրի համակարգողն է։ Նրա հետազոտությունները վերաբերում են հատկապես բնակության ձևերին, տարածականություններին, սուբյեկտիվացման գործընթացներին, ժամանակակից ազգագրությանն ու հումանիտար գիտությունների իմացաբանությանը:
Էդուարդո Ալվարես Պեդրոսյանը ներկայացրեց ժամանակակից մարդաբանության, սփյուռքագիտության և տրանսմշակութային գործընթացների վերաբերյալ իր բազմամյա հետազոտությունները՝ հատուկ անդրադարձ կատարելով ուրուգվահայ համայնքի ձևավորման, ինքնության փոխակերպումների և համաշխարհային մշակութային գործընթացներում հայկական բաղադրիչի դերակատարությանը։
«Ուրուգվայի հայկականությունների տրանսմշակութային գործընթացները․ պարադիգմատիկ դեպք համաշխարհային համակարգում» թեմայով դասախոսությունը նվիրված էր Ուրուգվայի հայկական համայնքի ինքնության ձևավորման պատմամշակութային առանձնահատկություններին։ Բանախոսը, հիմնվելով ազգագրական երկարամյա ուսումնասիրությունների վրա, անդրադարձավ հայկական սփյուռքի բազմաշերտ ինքնություններին, մշակութային հիշողության պահպանման ձևերին, ինչպես նաև հայկականության նոր դրսևորումներին ժամանակակից գլոբալացված աշխարհում։
Պրոֆեսորը ներկայացրեց նաև իր՝ որպես 1920-ականներին Ուրուգվայ գաղթած հայերի ժառանգի անձնական և ընտանեկան փորձառությունները: Բանախոսը ներկայացրեց նաև 1993 թվականին Հայաստան կատարած իր առաջին հուզիչ այցի հիշողությունները, որը համընկել էր Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված ծանր շրջափակման տարիներին։ Նա ընդգծեց, որ ուրուգվ
ահայ իրականությունը կարևոր օրինակ է՝ հասկանալու, թե ինչպես կարող են մշակութային ինքնությունները վերափոխվել, տարածվել և ձեռք բերել նոր արտահայտություններ ոչ միայն համայնքային, այլև ավելի լայն հասարակական միջավայրերում։
Դասախոսության կարևոր առանցքներից էր այն գաղափարը, որ հայկական մշակութային ներկայությունը Ուրուգվայում վաղուց արդեն սահմանափակված չէ միայն ավանդական համայնքային շրջանակով։ Պրոֆեսորը ներկայացրեց ուշագրավ գործընթացներ, որոնցում հայկական մշակույթն ու ինքնությունը ներգրավվում և յուրացվում են նաև հայկական ծագում չունեցող խմբերի, տեղական կրթական հաստատությունների և տարբեր մշակութային նախաձեռնությունների կողմից։
«Լատինաամերիկյան մարդաբանությունը գիտելիքի փոխակերպումների մեջ․ տրանսդիսցիպլինար և փորձարարական հայացք» թեմայով երկրորդ դասախոսությունը նվիրված էր ժամանակակից մարդաբանության մեթոդաբանական և տեսական խնդիրներին։ Բանախոսը ներկայացրեց գիտության, արվեստի, փիլիսոփայության և սոցիալական գիտելիքների փոխազդեցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև ժամանակակից ազգագրության փորձարարական մոտեցումներին։
Դասախոսությունների ընթացքում քննարկվեցին մշակութային հիշողության, սփյուռքային «ինքնությունների», գլոբալացման, հաղորդակցության և ժամանակակից հասարակություններում մշակութային փոխակերպումների հարցերը։
Հանդիպումները կարևոր հարթակ դարձան հայաստանյան և լատինաամերիկյան ակադեմիական փորձի միջև գիտական երկխոսության զարգացման համար։ Այս դասախոսությունները ևս մեկ կարևոր քայլ էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային համագործակցության և ժամանակակից մարդաբանական ու սփյուռքագիտական հետազոտությունների զարգացման ուղղությամբ։





