ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկած «Հեթումյանների դինաստիայի հռչակման 800-ամյակին» նվիրված ինտերակտիվ խաղ-մրցույթի շրջանակում կայացավ կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցեցին հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 13 թիմեր։
Կիսաեզրափակիչ փուլի հարցերը վերաբերում էին Կիլիկյան Հայաստանի պատմության տարբեր ոլորտների։ Մասնակիցները պատասխանեցին Կիլիկիայի պատմական աշխարհագրությանը, միջազգային պայմանագրերին, եկեղեցական ժողովներին, ինչպես նաև քաղաքական, ռազմական և մշակութային պատմությանը վերաբերող հարցերի։
Առաջադրանքները պահանջում էին ոչ միայն փաստական գիտելիքների իմացություն, այլև պատմական իրադարձությունների միջև կապեր գտնելու, վերլուծելու և արագ կողմնորոշվելու կարողություններ։ Թիմերը ցուցադրեցին պատրաստվածության բարձր մակարդակ՝ ապահովելով հետաքրքիր և մրցակցային պայքար։
Կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով մրցույթի եզրափակիչ փուլ անցան Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի, ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդու Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի, Փարաքարի միջնակարգ դպրոցի և Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի թիմերը։ Մրցույթի եզրափակիչ փուլում պայքարը կշարունակեն մասնակից 13 թիմերից 5-ը:
Խաղ-մրցույթի նպատակն է խթանել երիտասարդների հետաքրքրությունը հայոց պատմության և մասնավորապես Կիլիկյան Հայաստանի պատմության նկատմամբ, նպաստել պատմական գիտելիքների խորացմանը, ինչպես նաև զարգացնել վերլուծական մտածողության, համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունները։
Հատկանշական է, որ խաղ-մրցույթի կազմակերպման և իրականացման հիմնական աշխատանքները կատարել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի կամավոր ուսանողներն ու շրջանավարտները՝ Պատմության ֆակուլտետի, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Կամավորները ներգրավվել են մրցույթի նախապատրաստական, բովանդակային և կազմակերպչական տարբեր փուլերում՝ ապահովելով դրանց արդյունավետ և բարձր մակարդակով անցկացումը։ Այս կարևոր հանգամանքը ևս մեկ անգամ ընդգծում է Պատմության ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների պատասխանատվությունն ու նախաձեռնողականությունը։
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա ս․թ․ հունիսի 29-ին Հայաստանի գինու պատմության թանգարանում, որտեղ կորոշվի հաղթող թիմը և կամփոփվի Կիլիկյան Հայաստանի պատմությանը նվիրված խաղի ամբողջ ընթացքը:










