Համաշխարհային պատմություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագիրը մշակված է հիմնախնդրային (inquiry-based) և փոխկապակցված պատմության (connected history) հարացույցով։ Ուսումնառության առանցքային նպատակը մասնագիտական արդի մեթոդաբանության կիրառմամբ գլոբալ պատմական գործընթացների իմաստավորումն ու սկզբնաղբյուրների քննադատական մեկնաբանությունն է։
Ուսումնական ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչից՝ ընդհանուր, մասնագիտական և մասնագիտացման։
Ընդհանուր կրթամաս. ապահովում է մագիստրոսի աստիճանի համար անհրաժեշտ հիմնարար ակադեմիական գիտելիքներ՝ շեշտադրելով ակադեմիական գրագրությունը, հետազոտական հմտություններն ու քննադատական մտածողությունը։
Մասնագիտական կրթամաս․ տրամադրում է համաշխարհային պատմության տեսական ու մեթոդաբանական գիտելիքներ՝ ընդգրկելով ժամանակակից պատմագիտական մոտեցումները և միջգիտակարգային վերլուծությունը։
Մասնագիտացման կրթամաս․ հնարավորություն է ընձեռում խորանալու նեղ հետազոտական ոլորտներում (օրինակ՝ գլոբալ ցանցեր և միգրացիա, կայսրությունների և գաղութատիրության պատմություն, աշխարհաքաղաքականություն և միջազգային հակամարտություններ, սոցիալական պատմություն, ինչպես նաև տեխնոլոգիաների պատմություն)՝ պարտադիր և կամընտրական դասընթացների միջոցով ապահովելով ուսանողի անհատական կրթական հետագիծը:
Ծրագիրը համադրում է տեսական ուսուցումն ու հետազոտական աշխատանքը (ներառյալ արխիվային նյութերի քննությունն ու միջառարկայական վերլուծությունը)՝ ապահովելով շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը ժամանակակից գիտական, փորձագիտական և մանկավարժական գործունեության համար:
Ընդունելության պահանջները
«Համաշխարհային պատմություն» մասնագիտության շրջանակում մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մրցունակ հետազոտող-վերլուծաբանների, որոնք ունակ են պատմական գործընթացները դիտարկելու գլոբալ և միջգիտակարգային համատեքստերում։
Ուսումնառության ավարտին շրջանավարտը ձեռք կբերի հետևյալ կիրառական կարողությունները.
Հետազոտական հմտություններ. կատարել գիտական հետազոտություններ՝ կիրառելով տեղական և միջազգային արխիվային նյութերի ու սկզբնաղբյուրների քննադատական վերլուծություն։
Վերլուծական կարողություններ. քննել ու մեկնաբանել արդի աշխարհաքաղաքական և գլոբալ գործընթացները՝ դրանք դիտարկելով պատմական լայն համատեքստում։
Նախագծերի կառավարում. մշակել և ղեկավարել պատմամշակութային, գիտական և կրթական նախագծեր։
Ակադեմիական հաղորդակցություն. տիրապետել ակադեմիական հաղորդակցության հմտություններին՝ միջազգային գիտական հարթակներում հանդես գալու և հոդվածներ հրապարակելու նպատակով։
Առավելությունները
ԵՊՀ «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագիրն ընձեռում է ակադեմիական և մասնագիտական զարգացման առանձնահատուկ հնարավորություններ.
Հետազոտական բազա և ակադեմիական ռեսուրսներ. ուսանողներն օգտվում են ԵՊՀ և ՀՀ ԳԱԱ արխիվներից ու գրադարաններից, ինչպես նաև միջազգային էլեկտրոնային շտեմարաններից (JSTOR, EBSCO, Cambridge Core)։
Ակադեմիական շարժունություն․ «Էրազմուս+» փոխանակման ծրագրերով ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ ուսումնառելու գործընկեր եվրոպական համալսարաններում՝ համադրելով ուսումը արտագնա հետազոտական աշխատանքի հետ։
Պրոֆեսորադասախոսական կազմ․ դասընթացները վարում են ակտիվ հետազոտողներ, ՀՀ այլ բուհերի հրավիրյալ դասախոսներ ու վերլուծաբաններ: Տեսական և գործնական գիտելիքների համադրման նպատակով ներգրավվում են նաև արտերկրի մասնագետներ, դիվանագետներ և հանրային հատվածի փորձագետներ:
Կիրառական նախագծեր և հանրային պատմություն․ լսարանային տեսական ուսուցումը զուգակցվում է գիտական սեմինարներով, արխիվային պրակտիկայով և կիրառական նախագծերի մշակմամբ։
Կարիերայի հնարավորություններ
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու մի շարք ոլորտներում.
Գիտական և ակադեմիական համակարգ. ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտներ, վերլուծական կենտրոններ, համալսարանական հետազոտական լաբորատորիաներ:
Կրթական ոլորտ. հանրապետության հենակետային և ավագ դպրոցներ, կրթական նախագծերի մշակում ու կառավարում:
Պետական կառավարում և դիվանագիտություն. ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, ԿԳՄՍ նախարարություններ և Ազգային ժողով:
Միջազգային կառույցներ և հասարակական հատված. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներ, միջազգային զարգացման կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամներ:
Մեդիա և մշակութային ժառանգություն. լրատվամիջոցների վերլուծական բաժիններ, թանգարաններ և արխիվներ:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ պ.գ.թ., դոցենտ Սմբատ Հովհաննիսյան
Հասցե՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ համաշխարհային պատմության ամբիոն (323 սենյակ)