Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ս.թ. մարտի 4-ին տեղի ունեցավ գեշտալտ թերապևտ, դիպլոմավորված մանկավարժ և նախադպրոցական կրթության խորհրդատու Յան Հիտցերոյի (Համբուրգ, Գերմանիա) դասախոսությունը:
«Երեխաների չորս հիմնարար հոգեբանական պահանջները» («The Four Basic Psychological Needs of Children») թեմայով դասախոսության շրջանակում բանախոսն անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է ժամանակակից մեդիամիջավայրը ազդում երեխայի անձի ձևավորման վրա։ Դասախոսության տեսական հիմքը գերմանացի հոգեբան Կլաուս Գրաուվեի հետևողականության (կոնսիստենտության) տեսությունն էր, ըստ որի՝ մարդու հոգեբանական բարեկեցությունը պայմանավորված է չորս հիմնարար պահանջների բավարարմամբ՝ ա) կողմնորոշման և վերահսկողության, բ) հաճույքի ձգտման և ցավից խուսափման, գ) կապակցվածության կամ կապվածության, ինչպես նաև դ) ինքնագնահատականի պահպանման և պաշտպանության։
Դասախոսության ընթացքում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց այն հարցի քննարկումը, թե ինչպես է թվային մեդիամիջավայրը և սոցիալական մեդիան հանդես գալիս որպես յուրօրինակ նշանային համակարգ, որի միջոցով երեխան մեկնաբանում է սոցիալական իրականությունը և իր տեղը այդ իրականության մեջ։ Մեդիաբովանդակությունը ձևավորում է ընկալման, վարքագծի և ինքնագնահատականի որոշակի մոդելներ՝ ստեղծելով խորհրդանշական միջավայր, որտեղ սոցիալականացման գործընթացը զարգանում է արդեն ֆիզիկական իրականությունից դուրս։
Բանախոսը նշեց, որ ժամանակակից մեդիաբովանդակությունը հաճախ գերհագեցած է տեսողական ազդակներով և կազմակերպված է ալգորիթմների միջոցով։ Ակնթարթային խրախուսման մեխանիզմները ստեղծում են հոգեբանական պահանջների բավարարման զգացում, սակայն իրականում հազվադեպ են ապահովում դրանց լիարժեք իրագործումը/դրսևորումը կյանքում։ Արդյունքում երեխան ստանում է ճանաչման և հաճույքի խորհրդանշական ազդանշաններ, օրինակ՝ «լայքերի» կամ «դրական մեկնաբանությույնների» միջոցով, որոնք կարող են փոխարինել կենդանի հաղորդակցության, համատեղ գործունեության և իրական ձեռքբերումների փորձին։
Խնդրի նշանագիտական կողմը հատկապես նկատելի է ինքնագնահատականի ձևավորման ոլորտում։ Սոցիալական մեդիան ստեղծում է մշտական խորհրդանշական համեմատության տարածք, որտեղ հավանության և ճանաչման նշանները սկսում են հանդես գալ որպես անձնական արժեքի կամ ինքնագնահատականի ցուցիչներ։ Սա կարող է երեխաների և դեռահասների (և ոչ միայն նրանց) մեջ ձևավորել արտաքին գնահատականների նկատմամբ կախվածություն և ինքնագնահատականի անկայունություն։ Դասախոսության ավարտին Յան Հիտցերոն ընդգծեց պահանջակենտրոն դաստիարակության մոտեցման կարևորությունը, որը ենթադրում է երեխաների մեջ հստակ սահմանների՝ «կարելի»-ի և «չի կարելի»-ի ձևավորումը։ Ըստ Յան Հիտցերոյի՝ մեդիան չի կարելի դիտարկել միայն որպես տեխնոլոգիական գործիք։ Այն նաև նշանների և իմաստների բարդ տարածք է։ Այս համատեքստում կարևոր են մեդիայի օգտագործման ողջամիտ սահմանները, իրական հաղորդակցական սահմանների զարգացումը։ Այս ամենն օգնում է երեխային ձևավորելու կայուն ինքնություն և ունենալ հոգեբանական առողջ զարգացում։
Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների և մասնակից պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում և առիթ դարձավ առավել ընդգրկուն մի խնդրի քննարկման, այն է՝ մեդիամիջավայրը՝ որպես նշանային տարածք, թվային դարաշրջանում ինչպես է ազդում մարդու սոցիալականացման, հաղորդակցության և անձի ձևավորման գործընթացների վրա։



