
Կրոնական զբոսաշրջություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Կրոնական զբոսաշրջություն» կրթական ծրագրի ուսումնական կառուցամասը բաղկացած է ընդհանուր և մասնագիտական դասընթացների կրթամասերից։ Վերջինս պարունակում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացներ։
Ընդունելության պահանջները
Դիմորդների ընդունելությունը կատարվում է ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն՝ առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի կամ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հաշվառմամբ:
Ծրագրի նպատակը
«Կրոնական զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի`
- պատրաստելու կրոնական զբոսաշրջության հիմնարար գիտելիքներով և հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, որոնք կկատարեն ժամանակակից պահանջները բավարարող մասնագիտական պրակտիկ գործունեություն,
- պատրաստելու մասնագետներ, որոնք կկարողանան կատարել գիտահետազոտական աշխատանք` կրոնական զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ:
Առավելությունները
Մագիստրոսական այս ծրագրի հիմնական առավելությունը տևողությունն է (մեկ տարի): Շեշտադրված է զբոսաշրջության տարատեսակներից մեկը` կրոնական զբոսաշրջությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զբոսաշրջային ոլորտում թե՛ վարչարարական և կառավարման հմտությունների, թե՛ զուտ կրոնագիտական և եկեղեցագիտական գիտելիքներ ունեցող բարձրակարգ մագիստրոսների պատրաստման վրա: «Կրոնական զբոսաշրջություն» ծրագրով նախատեսվում է խորությամբ ուսումնասիրել ՀՀ կրոնական զբոսաշրջության կենտրոնները, սրբավայրերն ու ուխտավայրերը, Հայաստանի կրոնական իրավիճակը, կրոնական խոորհրդանիշները, համաշխարհային և հայկական կրոնամշակութային ժառանգությունը: Կանցկացվեն նաև զբոսաշրջային ոլորտին առնչվող մասնագիտական դասընթացներ (ձեռնակարտիրական գործունեություն, կառավարում, տուրօպերատորական գործ և այլն), առարկաներ, որոնք այլ բուհերի համանման ծրագրերում խորությամբ ներկայացված չեն:
Կարիերայի հնարավորությունները
«Կրոնական զբոսաշրջություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ինչպես մասնագիտական, այնպես էլ հարակից այլ բնագավառներում, քանի որ տիրապետելու են զբոսաշրջության ոլորտում բիզնեսի կազմակերպմանը և կառավարման ժամանակակից մեթոդներին: Մագիստրոսները համալսարանն ավարտելուց հետո հաջողությամբ կարող են աշխատանքի տեղավորվել հանրապետության տարբեր հաստատություններում, նախարարություններում և մասնավոր կազմակերպություններում, մասնավորապես՝
- ՀՀ տուրիստական գործակալություններում,
- հյուրանոցային սերվիսի հիմնարկներում,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա մի շարք հիմնարկներում (թանգարաններ, կրթական կենտրոնները և այն),
- սպասարկման ոլորտի հաստատություններում,
- գովազդային ձեռնարկություններում,
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում և հատկապես Զբոսաշրջության պետական կոմիտեում: