ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ընթացիկ տարվա մայիսին «Erasmus+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում հյուրընկալվել էր Պալացկու անվան համալսարանի (Օլոմոուց, Չեխիա) բանասիրական ֆակուլտետի պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում էին սլավոնագիտության ամբիոնի վարիչ Իվանա Դոբրոտովան և ամբիոնի դասախոս Զդենկա Վիխոդիլովան։
Այցը երկու համալսարանների միջև վերջին տարիներին հաջողությամբ զարգացող ակտիվ համագործակցության շարունակությունն էր։ Հիշեցնենք, որ ապրիլին Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան աշխատանքային այցով հյուրընկալվել էր Պալացկու անվան համալսարանում:
Այցի ծրագրում ներառված էին ակադեմիական և աշխատանքային մի շարք միջոցառումներ։ Բանասիրական ֆակուլտետի ուսանողները լսեցին համեմատական տիպաբանության վերաբերյալ դասախոսություն՝ նվիրված ռուսերենի և չեխերենի համադրական վերլուծությանը: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում՝ վերածվելով սլավոնական լեզվաբանության՝ մասնագիտական արդի հարցերի քննարկման հարթակի։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Պալացկու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետի կրթական ծրագրերի ներկայացմանը։ Չեխ գործընկերները ուսանողներին տեղեկացրին ուսման հնարավորությունների, ակադեմիական շարժունության ծրագրերի և միջազգային նախագծերի մասին, որոնց կարող են մասնակցել ԵՊՀ ուսանողները։
Աշխատանքային հանդիպումների ընթացքում երկու համալսարանների ներկայացուցիչները քննարկեցին ընթացիկ համագործակցության արդյունքները, ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցերը, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական նախաձեռնությունների հետագա զարգացման հեռանկարները։
Պալացկու անվան համալսարանի գործընկերների հետ մասնագիտական բովանդակալից երկխոսությունը, հետաքրքիր դասախոսությունները արդյունավետ համագործակցության վառ օրինակ են: Ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում էլ ավելի կնպաստեն միջազգային ակադեմիական կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։
Հավելենք, որ երկու ֆակուլտետների համագործակցությունն իրացվում է ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողական շարժունության միջոցով: Ներկայումս ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնառում է Օլոմոուցից ժամանած մեկ, իսկ չեխական համալսարանում՝ ԵՊՀ երկու ուսանողուհի:


